Նոր զարգացումներ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով. վրեժ 11 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին կալանավորվել էր Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը: Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ գործը առաջիկայում չի բացառվում,որ ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով անցնող անձանցից մեկը ուշագրավ ցուցմունք է տվել իրավապահներին:

Եւ այսպես, 2007 թվականի ապրիլի 1-ին Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է` մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը` Դ. Սիմոնյանին: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:

11 տարի անց վրեժ է լուծում

Սակայն թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ կան, որ քնից արթնանում են եւ որոշում են վրեժխնդիր լինել: Այսպիսով, 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, եւ քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Դավիթ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Սարգսյանի բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով: Այս ամենի արդյունքում 11 տարի անց Հայկ Սարգսյանը կալնավորվեց եւ այժմ գտնվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում: Ի դեպ, նշենք, որ Դավիթ Սիմոնյանը այդքան էլ պատահական մարդ չէ: Նա ընտրությունների ժամանակ բազմիցս աչքի է ընկել ընտրախախտումների ու լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպերով: 2009 թ-ին էլ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների վրա հարձակվելու համար Դավիթ Սիմոնյանը վարչական պատասխանատվության էր ենթարկվել:

Նա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ 2015թ-ի դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեի ընթացքում կատարած ընտրախախտումների առնչությամբ, երբ Կենտրոնի վարչական շրջանի տեղամասերից մեկում ՀՀԿ վստահված անձ էր:

Դեպքերը նոր ընթացք են ստանում

Եվ ահա այս ամենից հետո իրավապահները սկսել են իրենց հարցաքննությունների շարքը, մասնավորապես ըստ մեզ հասած լուրերի` հարցաքննության են կանչել գործով տուժող Դավիթ Սիմոնյանին: Եվ ահա առաջին հարցերից մեկն էլ լինում է այն, թե ինչու է նա նախկինում այլ ցուցմունք տվել եւ հիմա այլ ցուցմունք տալիս: Մեզ հասած լուրերի համաձայն` տուժող Սիմոնյանը իրավապահներին հայտնել է, թե միջադեպի մասին նախկինում տված ցուցմունքը գրել է իրավապահների ցուցումով: Ասել է թե` իրավապահներն են իրեն ասել գրի, որ չի կրակել Հայկ Սարգսյանը, այլ ընկեր Ա.Ղեւոնդյանն է կրակել այն էլ պատահական, ինչի հետեւանքով ինքը մարմնական վնասվածք է ստացել:

Տուժողի կողմից այս ամենը հայտարարելուց հետո իրավապահ համակարգում խառնվել են իրար, մասնավրապես գործը քննող քննիչները նշել են, որ իրենք նման բան չեն արել, այլ Դավիթն է գրել այն, ինչ կա: Այսպիսով հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժող կողմը նշել է` նախկինում կատարված դեպքի մասով իրեն իրավապահներն են ուղղորդել գրել այն, ինչ չի եղել` ապա, ըստ էության, ՀՀ քնչական կոմիտեին այլ բան չի մնում, եւ չի բացառվում, որ Կոմիտեն վերոնշյալ գործը ուղղարկի ՀՀ գլխավոր դատախազություն եւ հայտնի, որ տուժողը պաշտոնատար անձանց անուն է տալիս, որոնք իբր իրեն ուղղորդել են ցուցմունք տալու հարցում: Ուստի չի բացառվում, որ վերոնշյալ գործը ըստ ընթացակարգի պետք է քննվի Հատուկ քնչական ծառայությունում: Ասել է թե` նախկինում չբացահայտված կամ կասեցված քրեական գործերով կծիկը հասնում է իրավապահներին:

Քնար Մանուկյան




Լրահոս