ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները հրաժարվում օգտվել Գոգավանի ու Բավրայի անցակետերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորել է քաղաքացիներին եւ տնտեսվարողներին Բագրատաշենի անցակետում հերթերից եւ անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել Բավրայի եւ Գոգավանի անցումային կետերով: Պատճառն ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճն է ու զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը: Ըստ ՊԵԿ-ի` այս ամենի արդյունքում զգալիորեն կթեթեւանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը, եւ հնարավոր կլինի ապահովել արագ եւ որակյալ սպասարկում:

Սակայն ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները չեն պատրաստվում ականջալուր լինել ՊԵԿ-ի կոչերին ու հորդորներին:

Օրինակ` «Elite bus» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հարմար չէ Բավրայի եւ Գոգավանի անցակետերից օգտվել: «Բացարձակ հարմար չէ, Բավրայի անցակետը լավը չէ տուրիստներին տեղափոխելու համար. սիրուն չէ: Սպասարկում չկա, վերանորոգված չէ, մաքսատան ծրագիրը վատ է աշխատում, ժամերով կախում է: Ուղղակի զուտ անցակետը լավը չէ: Բացի այդ, եթե Գոգավանից գնանք Թբիլիսի, ճանապարհը երկարում է, բավականին հեռու է: Երկար ճանապարհ պետք է անցնենք: Հետո ճանապարհը լավը չէ, նեղ, գյուղերի միջով, ոչ սարքին է ու փոսառատ: Օրինակ` Գոգավանն անցնելուց հետո սկսվող գյուղերը բնակեցված են հիմնականում ադրբեջանցիներով: Ինձ թվում է` հենց այդ մաքսատանն էլ ազգությամբ ադրբեջանցիներ են աշխատում, որոնք շատ վատ են վերաբերվում` տեսնելով հայկական պետհամարանիշ ունեցող մեքենաներին:

Շատ վատ»,-իրավիճակը ներկայացրեց ընկերության ներկայացուցիչը:
Եւ չնայած Բագրատաշենի անցակետերում երկար հերթերին` ընկերությունները հրաժարվում են Բավրայի եւ Գոգավանի անցակետերից օգտվել: Ասել է թե` նրանք նախընտրում են ժամերով հերթ կանգնել եւ սպասել Բագրատաշենի անցակետում:

«Հերթերն ավելի շատ սկսում են, երբ Բաթումի գնալու սեզոնն է բացվում: Հիմա դեռ այդքան հերթեր չկան: Բայց, միեւնույնն է, Բավրա, Գոգավան անցումային կետերով ոչ մի տուրընկերություն չի համաձայնվի ու չի ցանկանա իրենց տուրիստներին տեղափոխել: Նախ` ճանապարհն է երկարում, իրենք պետք է ավել վճարեն, հետո մաքսատունն է շատ վատ աշխատում»,- տեղեկացրեց «Elite bus»-ի աշխատակիցը:

Բացի այս, ՊԵԿ-ը Թուրքիայից Հայաստան ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողներին կոչ է անում օգտվել հայ-վրացական սահմանային մյուս անցումային կետերից: Իսկ Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն մաքսակետից դուրս գտնվող մաքսային հսկողության այլ տարածք, որտեղ էլ կիրականացվեն մաքսային գործառնությունները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս