ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՑ ԴԺԳՈ՞Հ ԵՆ «ԻՄ ՔԱՅԼ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո պարզ դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ հատվածը դժգոհ է եղել նրա աշխատանքից եւ այդ մասին չի էլ թաքցրել` խմբակցության 1-2 նիստերի ժամանակ բարձրաձայնելով այդ մասին: Նաեւ Զեյնալյանի հրաժարականից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամները, այդ թվում` խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հաստատեց, որ Զեյնալյանից իսկապես դժգոհություններ եղել են, սակայն ընդգծեց, թե դրանք չեն վերածվել հրաժարականի պահանջի: Ամեն դեպքում, Զեյնալյանը հրաժարական տվեց, եւ այդ որոշումը կայացնելու հարցում մեծ դեր էր ունեցել հենց պատգամավորների դժգոհությունը:

Եվ, ահա, նրա հրաժարականից հետո սկսեցին շրջանառվել նաեւ կառավարության այլ անդամների անուններ եւս, ում աշխատանքից իշխող խմբակցությունում դժգոհ են: Այդ քննարկումներին պարբերաբար անդրադարձ է կատարվել մամուլում եւ գրվել, որ խմբակցության որոշ անդամներ եւ իշխանության մի հատված դժգոհ են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից` նրան համարելով թույլ նախարար: Այդ դժգոհությունների պատճառ է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ Զոհրաբ Մնացականյանը նոր չէ համակարգում, մտերիմ է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այսինքն` «թավշյա» նախարար չէ եւ իր պաշտոնին չի նշանակվել միայն «քայլելու» համար: Բացի այդ, նշվում է, որ դեսպաններ են շարունակում աշխատել, որոնք նախկին իշխանություններին են սպասարկում, եւ Մնացականյանը չի բարձրացնում նրանց պաշտոնանկության հարցը:
Օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նախարարի աշխատանքին անդրադարձել էր արդեն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը եւ հետաքրքրվել, թե արդյոք ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը խուափողական պատասխան էր տվել, սակայն հետո պարզվել էր, որ նախարարը դեսպանի հետ այդ թեմայով զրուցել էր հենց հանդիպման օրը, սակայն այդ մասին տեղյակ չեն եղել հանձնաժողովի անդամները, այդ թվում` հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Եվ միայն հանձնաժողովի նիստում հարցը բարձրաձայնելուց հետո նրանք տեղեկացվեցին այդպիսի զարգացումների մասին: Եվ, ահա, այդպիսի համագործակցության բացակայությունը եւս հանգեցրել է դժգոհությունների «Իմ քայլ»-ի ներսում:
Սակայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն, իր սովորության համաձայն, գերադասում է լրագրողներից ինֆորմացիայի աղբյուր իմանալ եւ նոր դրանից հետո որոշել` պատասխանի նրանց հարցերին, թե ոչ: Երեկ նույնպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արդյոք նախարարի աշխատանքից խմբակցությունից դժգոհ են հարցին պատասխանելու փոխարեն նա երկար ժամանակ լրագրողից ճշտում էր այդ ինֆորմացիայի աղբյուրը կամ լրատվամիջոցի անունը, որում հրապարակվել է տեղեկություն` նախագահի դժգոհության հետ կապված: Սակայն ճիշտ կլինի Ռուբեն Ռուբինյանը չմոռանա, որ լրագրողներն իրավունք ունեն չհրապարակել իրենց տեղեկատվության աղբյուրը, եւ որեւէ պատգամավոր իրավունք չունի լրագրողից աղբյուրի բացահայտում պահանջել: Դրան ի պատասխան` երեկ Ռուբինյանը նշեց. «Նույն հաջողությամբ հիմա կարող եք այլ բաներ ասել, որոնց մասին շենքում խոսում են: Դա լուրջ մոտեցում չէ: Դուք ասեք աղբյուրը, ես պատասխանեմ աղբյուրին: Եթե չեք բացահայտում աղբյուրը, ուրեմն մի՛ ասեք, որովհետեւ ես ունեմ բոլոր հիմքերը կասկածելու, որ ոչ ոք նման բան չի ասում», – նշեց նա` հայտարարելով, թե անձամբ ինքը Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից դժգոհ չէ:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեկ այլ անդամ` Միքայել Զոլյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե խմբակցության պատգամավորների կողմից այս կամ այն պաշտոնյաների շուրջ դժգոհությունները կապված են նաեւ մոտեցումների հետ: «Ընդհանրապես ցանկացած թեմա կարող է քննարկվել խմբակցության մեջ, եւ ցանկացած նախարարի կամ ցանկացած պետական պաշտոնյայի որեւէ քայլի կամ քաղաքականության վերաբերյալ կարող են ե՛ւ դժգոհություններ լինեն, ե՛ւ գոհություններ լինեն: Իսկ Մնացականյանի վերաբերյալ հանձնաժողովում այդպիսի քննարկման անձամբ չեմ մասնակցել», – նշեց նա:
Զոլյանը դժվարացավ կոնկրետ նշել Մնացականյանի աշխատանքի հետ կապված դժգոհությունները` ասելով, թե, առհասարակ, քննարկումներ շատ են լինում, բայց կոնկրետ այդպիսի քննարկման չի մասնակցել եւ տեղյակ չէ:
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է ասել, բայց փաստ է, որ Զոհրապ Մնացականյանը պրոֆեսիոնալ է եւ իսկապես «չի քայլել»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԲԱՐԻՇԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, կարծես թե, կարողացել է «բարիշել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչպես հայտնի է, Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները եւ անհետացել: Եվ պարզվում է, որ նա այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող իր հաղորդմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որից հետո Գագիկ Ծառուկյանը վրդովվել էր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Տիգրան Ուրիխանյանին հաջողվել է իր տարաձայնությունները հարթել Գագիկ Ծառուկյանի հետ ու մանդատը վայր չդնել: Սակայն այժմ էլ նա անձնական խնդիրների պատճառով երկրից բացակայում է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից պարզել, թե երբ է Ուրիխանյանը վերադառնալու աշխատանքի, սակայն մեր զրուցակիցը հայտարարեց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի ու չի կարող որեւէ հարցի պատասխանել:

 

 

 

 

ՊԱՐԳԵՎԻ ՊԱՀԱՆՋ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արամ Մամիկոնյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` խնդրելով, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 181-Ա հրամանն անվավեր ճանաչել: Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: Պարզվում է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակիցների պարգատրել են, սակայն այդ ցանկում Մամիկոնյանը չի եղել, եւ հիմա վերջինս պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի Յոլյանին, «ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակիցների պարգեւատրման եւ խրախուսման կարգին» համապատասխան, իրեն եւս պարգեւատրել:

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ vs ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻ
ՀՀ Ոստիկանության եւ Վարդգես Գասպարի կռիվն արդեն հասել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Վարդգես Գասպարիի` պահանջելով, որ դատարանը Գասպարիին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկի: Բանն այն է, որ մայիս ամսին` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական նիստերի ժամանակ, Երեւանի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք դատարանում Վարդգես Գասպարին վիճել էր ոստիկանների հետ, որոնք դատարանի բակում կարգ ու կանոն հաստատելիս են եղել: Մասնավորապես, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատարանի դիմաց ոստիկաններին անվանել էր «տականք», «լակոտ»: Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան ոստիկաններին վիրավորելու համար Գասպարիին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով: Ինչով կավարտվի այս դատական վեճը, սպասենք զարգացումներին:

 

 

 

 

ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին համատեղության կարգով Չեռնոգորիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին համատեղության կարգով նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանում։

 

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ Սահմանադրական դատարանից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թ. մայիսին իր գլխավորած պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել ՌԴ սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։ Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին եւ այլն։

 

 

 

 

ՀՀ-ԵՄ
Օրերս Բրյուսելում կայացավ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Նիստի ընթացքում ամփոփվեց ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում իրականացված աշխատանքները, եւ ուրվագծվեցին հետագա քայլերը, ինչն ամրագրվեց երկրորդ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում: Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի առանցքային արդյունքներից մեկը ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումը եւ համաձայնության ձեռքբերումն էր, որը քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր 2019թ. հունիսի 1-ին: Ճանապարհային քարտեզն, ըստ էության, այն ծրագրային փաստաթուղթն է, որն առավել համակարգված եւ թիրախավորված բնույթ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կիրարկման գործընթացին: Այն ներառում է շուրջ 200 հստակ միջոցառում քաղաքական, արդարադատության, առեւտրի, անվտանգության, մարդու իրավունքների, տրանսպորտի, շրջակա միջավայրի եւ այլ ոլորտներում:

 

 

 

 

ՆԻՍՏ
Հունիսի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Մինչ օրակարգային բուն հարցերին անցնելը նիստը նախագահող Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին առաջարկել է հուլիս ամսվա ընթացքում կազմակերպել քննարկումներ Հայաստանի ներկա իրավիճակի, ապագա ծրագրերի, հեռանկարների ու տեսլականի շուրջ։ Ինչպես հայտնեցին Հանրային խորհրդից, նա հայտնել է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հուլիսի սկզբին Հանրային խորհրդում համատեղ քննարկել վերջինիս համահեղինակած «Ճամփաբաժին» գիրքը, որտեղ ուշագրավ վերլուծություններ ու հարցադրումներ են ներկայացված Հայաստանի, հայ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ։ Մանուկյանն առաջարկել է նաեւ դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու եւ խորհրդի հետ քննարկելու Հայաստանի ներկային ու ապագային վերաբերող ընդհանուր հարցեր, այդ թվում վարչապետի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփման արդյունքում ներկայացված «100 փաստ նոր Հայաստանի մասին» հրապարակումը։ Երկու առաջարկներն էլ խորհրդի անդամներն ընդունել են։




Լրահոս