Գարեգին Բ-ն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պաշտոնեությանը` ուղեկցությամբ Պորտուգալիայում հիմնադրված Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Պարոն Վ. Մխիթարյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրել է, որ այցը կազմակերպվել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Պորտուգալիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում եւ հույս է հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ կապերի առավել սերտացմանը:

Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին` Նորին Սրբությունը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը եւ այն օգտաշատ աշխատանքը, որ հիմնադրամի ջանքերով իրականացվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ հիմնադրամի աջակցությամբ ժամանակին կարեւոր ձեռքբերումներ են արձանագրվել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հիմնադրամի զորակցությամբ դեռեւս 1954 թվականին իրականացվեցին Միածնաէջ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները, այնուհետեւ կառուցվեց Մայր Աթոռի վանատունը: Հետագա տարիներին հիմնադրամը նպաստել է նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի գործունեությանը:

Հանդիպման ընթացքում Հայոց Հովվապետը խոսել է նաեւ Հայոց Եկեղեցու առաքելության եւ քրիստոնեական հավատի դերի մասին հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն ընդգծել է, որ քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ է, որ հայ ժողովուրդը կարողացել է դիմագրավել իրեն բաժին հասած բոլոր փորձություններին: Ըստ Հայրապետի, այդպիսի հավատի կրող էր նաեւ ազգի հարազատ զավակ, բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների փոխհարաբերությունների վերաբերյալ: Հիմնադրամի պաշտոնեությունը Վեհափառ Հայրապետին հրավիրել է այցելել Պորտուգալիա:




Լրահոս