ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄՈՐԹ՝ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԳՐՊԱՆԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` Հայաստանում մսավաճառներն ու անասնապահները բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ սպանդանոցային պարտադիր մորթի: Եւ խոստացել են, որ այսօրվանից տարբեր մարզերի մսավաճառներ իրենց մարզերում են ճանապարհներ փակելու:

Նշենք, որ սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: Հայաստանը սպանդանոցային պարտադիր մորթին ամբողջությամբ պետք է անցներ 2018 թվականին: ՀՀ կառավարության որոշմամբ` պետք է անցնեին 2018 թվականի հուլիսի 1-ից, սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշել է վերահսկողությունը խստացնել հունվարի 15-ից՝ ակնկալելով, որ վաճառակետերում կհայտնվի անվտանգ, լաբորատորիայով ստուգված միս: Այսինքն՝ բակային մորթ չպետք է լինի: Ի դեպ, բակային մորթ կթույլատրվի ծիսական նպատակներով, եթե գառ է մատաղ արվելու, եւ միսը բաժանվելու է, այլ ոչ թե վաճառվելու:
Իսկ ո՞րն է խնդիրը կամ դժվարությունը, որ մսավաճառներին այդքան բարկացրել է: Մսամթերքի իրացման կետերում բոլոր տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական 5-րդ ձեւը, որ նշանակում է անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված, անվտանգ միս է: Կբացառվի հիվանդ, սատկած կենդանիների վաճառքը, ինչպես նաեւ մսավաճառները ստիպված կլինեն գալ հարկային դաշտ եւ գերշահույթ չեն ունենա: Բացի այդ, հինգերորդ ձեւին կցված հատուկ կոդը հնարավորություն է տալիս, որ սպառողն էլ իր հեռախոսով արագ պարզի՝ ինչ կենսագրություն ունի իրեն առաջարկվող միսը: Իսկ եթե մսավաճառը չունենա անասնաբուժական 5-րդ ձեւը, կտուգանվի 300 հազար դրամի չափով, ու կկասեցվի նրա ունեցած մսի վաճառքը:
Բայց, մյուս կողմից, անասնապահները վստահ են, որ մսի գինը շեշտակի կբարձրանա սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուց հետո, քանի որ սպանդանոցային ծառայությունից օգտվելու դեպքում իրենց մոտ լրացուցիչ ծախսեր են առաջանալու: Օրինակ՝ սպանդանոցներն առաջարկում են հետեւյալ սակագները՝ մեկ խոզը՝ 5000 դրամ, ոչխարը՝ 3500 դրամ, կովը՝ 10-12 հազար դրամ: Սրանք առավելագույն գներն են: Ըստ մսավաճառների՝ կենդանուն սպանդանոց հասցնելու համար էլ է գումար ծախսվելու. հատուկ մեքենայով պետք է դա անել:
Սակայն, ըստ ՍԱՏՄ-ի, տեսչական մարմինը սպանդանոցների հետ հուշագիր է ստորագրել, սահմանել առավելագույն գներ, նաեւ այն, որ 3 գլուխ կենդանուց ոչ պակաս կենդանիների տեղափոխումը մինչեւ 30 կիլոմետրը անվճար է լինելու, իսկ 30 կիլոմտերից ավելը կլինի ինչ-որ վճար, որը, ի դեպ, հոգալու է գյուղացին: Բայց եւս մի կարեւոր հանգամանք. թեեւ Հայաստանում արդեն 6 օր է, ինչ սպանդանոցային պարտադիր մորթի նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանված, բայց սպանդանոցների քանակը դեռ բավարար չէ, այսինքն՝ ոչ բոլոր անասնապահներին են հասանելի այդ սպանդանոցները: Եւ գյուղացին պետք է գումար ծախսի ու ոչ սարքին փողոցներով կենդանուն հասցնի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող սպանդանոց: Էլ չենք խոսում այն մասին, որ գյուղացին հսկայական գումարներ է ծախսում ողջ տարվա ընթացքում անասուն պահելու, մեծացնելու համար:
Բացի այս, սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել: Բանն այն է, որ այդ սպանդանոցների սեփականատերերը իրանցիներ են եւ անասնապահներին մերժում են՝ պատճառաբանելով, որ իրանցիները եթե իմանան՝ այդ սպանդանոցում խոզ է մորթվել, ապա չեն օգտվի, քանի որ դա իրենց կրոնական համոզմունքներին դեմ է՝ «հարամ է»: Նշենք, որ նմանատիպ սպանդանոց գործում է Արարատի մարզի Մասիս քաղաքում:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրեց, որ հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցներ կան: Ապա օրինակ բերեց Կոտայքի մարզը, որտեղ, նրա խոսքով, կա 10 սպանդանոց եւ բավականին ցրված: Այսինքն՝ հարակից գյուղերի բնակիչների համար դժվարություն չի առաջանա: «Բայց ամենակարեւոր բանն եմ ասում, խնդրում եմ, ուշադիր եղե՛ք. որեւէ գյուղացի իր կենդանուն սպանդանոց չի տանում: Սա կարեւոր է: Սպանդանոցների հետ մենք ունենք պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր սպանդանոց պատրաստ լինի կենդանիներին տեղափոխել: Բայց հավատացե՛ք, որ այդ ավել վճարը լուրջ ազդեցություն չի ունենալու մսի գնի կամ գյուղացու գրպանի վրա: Այսպես, թե այնպես, մորթին իրենք գումար տալիս են: Օրինակը բերեմ խոզի մասով. ենթադրենք՝ գալիս են ու խոզը մորթում են 3000 դրամով, սպանդանոցը մորթելու է 5000 դրամով: Եթե 2000 դրամը բաժանում ենք 50 կիլոգրամի վրա, եթե պետք է դրա պատճառով խոզի մսի գինը 40 դրամով բարձրանա, թող բարձրանա: 40 դրամը կիլոգրամի մեջ լավ պայմաններում մորթվող մսի պարագայում նորմալ թիվ է»,- նկատեց Ավետիսյանը:
Մեր զրուցակցին փոխանցեցինք նաեւ սպանդանոցների՝ թվով քիչ լինելը: «Գործող 39 պատրաստ սպանդանոց ունենք, եւ կառուցվում է եւս 35-ը: Երբ այս որոշումն ուժի մեջ մտավ անցած տարվա հուլիսի 1-ից, Հայաստանում կար գործող 17 սպանդանոց, մեկուկես տարվա ընթացքում՝ մինչեւ անցած տարվա վերջ, սպանդանոցների թիվը հասավ 22-ի: Այսինքն՝ տարիուկեսվա մեջ 5 սպանդանոց է բացվել, վերանորոգվել, եւ վերջին մի քանի օրվա ընթացքում թիվը հասավ 39-ի: Սպանդանոց կառուցողները տեղացիներ են, սակայն մի մասը, որոնք որ ժամանակին սարքել են եւ պայմանավորվածություն են ձեռք բերել իրացիների հետ, տվել են իրենց վարձով կամ միայն իրանցիների համար են մորթ իրականացնում: Դրանք այդքան շատ չեն: Մենք երբ սպանդանոցների ցանկը տալիս ենք, պարտադիր նշում ենք՝ սպանդանոցները ինչ կենդանի են մորթում: Բոլոր մարզերում, այդ թվում՝ Երեւանում, կա սպանդանոց, որտեղ խոզ է մորթվում»,- տեղեկացրեց տեսչական մարմնի ղեկավարը:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզում գործող երկու սպանդանոց կա՝ Ճամբարակում եւ Սեւանում, կառուցման ընթացքի մեջ՝ մեկ հատ Գավառում, երկու հատ՝ Սեւանում, մեկ ՓՄՁ ԶԱԿ-ով կառուցված՝ Մարտունիում, մեկ հատ էլ չգործող՝ Ճամբարակում:
Տավուշի մարզում կա երկու գործող սպանդանոց՝ Դիլիջանում եւ Նոյեմբերյանում, երեք հատն էլ կառուցման փուլում են:
Լոռիում կան գործող հինգ սպանդանոց, իսկ երկուսն էլ կառուցման փուլում են:
Շիրակի մարզում կա երկու գործող սպանդանոց, ութ հատն էլ կառուցման փուլում են, իսկ մեկը չի գործում:
Արագածոտնի մարզում գործում է մեկ սպանդանոց, երկուսը կառուցման փուլում են, մեկն էլ՝ ՓՄՁ ԶԱԿ-ով:
Արմավիրում մեկ հատ սպանդանոց կառուցվում է, չորսը գործում են, մեկն էլ չի գործում:
Կոտայքի մարզում տասը գործող սպանդանոց կա:
Արարատի մարզում կա 6 սպանդանոց, որից 3-ը՝ Այնթապում, երկուսն էլ կառուցման փուլում են:
Վայքում մի հատ սպանդանոց է գործում, երկուսը կառուցման փուլում են:
Սյունիքի մարզում երկու գործող սպանդանոց կա, եւս երկուսը կառուցվում են, մեկն էլ՝ ՓՄՁ ԶԱԿ-ով:
Այսպիսով, ՀՀ ոչ բոլոր մարզերի մսավաճառները կարող են ֆիզիկապես օգտվել սպանդանոցների ծառայություններից, քանի որ տեղեր կան, որ պարզապես սպանդանոցներ չկան: Իսկ ի՞նչ պիտի անեն այդ բնակավայրերի մսավաճառները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏՆ ԻՆՉՊԵ՞Ս Է ՕԳՆԵԼ
Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի բնակիչ Հայկ Առուստամյանի 172 խոզերը 2018թ. դեկտեմբերի 7-17-ը անհայտ հիվանդությունից սատկել են, նա հայտնվել է շուրջ 30 հազար դոլար «վարկի տակ»: Սատկած կենդանիների ներքին օրգաններից վերցված նմուշները ուղարկվել են Երեւան՝ լաբորատորիա, որտեղից պատասխանել են, որ համապատասխան ախտորոշիչ հավաքածուների բացակայության պատճառով խոզերի դասական ժանտախտ եւ աֆրիկյան ժանտախտ հիվանդությունների առկայությունը չի հետազոտվել: Հ. Առուստամյանը կարծում է, որ իր խոզերը սատկել են աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ով ծագումով Տավուշ գյուղից է, համագյուղացի Հ. Առուստամյանին խոստացել է օգնել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել է Տավուշի մարզպետին՝ հետաքրքրվելով, թե նա ինչպես է աջակցել անասունների կորուստ ունեցած համագյուղացուն: Մարզպետի պատասխանում նշված է. «Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Հայկ Առուստամյանը իր անկած խոզերի դիմաց փոխհատուցում ստանալու խնդրանքով մարզպետարան է դիմել 2019 թվականի ապրիլին: Քաղաքացուն աջակցելու եւ որոշ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով մարզպետարանը դիմել է թվով 7 բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Նշված վարկային կազմակերպությունները Հ. Առուստամյանին առաջարկել էին դիմում հայտ ներկայացնել եւ պարտավորությունների վերակառուցման հարցը քննարկել բացառապես իրենց մոտ գործող պայմանների շրջանակում: Արդյունքում «Ֆինքա» ՈԻՎԿ ՓԲԸ-ն վարկի մարման ժամկետը երկարացրել է մինչեւ 5 տարի՝ համապատասխան մարման տոկոսներով: Մարզպետարանն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում 07.05.2019թ. թիվ 02/02630-19 գրությամբ դիմել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ մարզում ֆերմերային տնտեսության գործունեությունը շարունակելու հնարավորություն տալու նպատակով խնդիրը քննարկելու եւ քաղաքացուն փոխհատուցում տրամադրելու համար: Միաժամանակ, համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 15.07.2019թ. թիվ 02/05.4/32770-2019 գրության, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ խնդիրը քննարկվել ու մարզպետարանի կողմից 24.07.2019թ. թիվ 01/13/04201-2019 թվագրությամբ գրություն է ուղարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարին»:
Հայկ Առուստամյանը մարզպետի աջակցությունն անբավարար է համարում. նա կարծում է, որ պետությունը կարող է աջակցել իրեն՝ պետական բյուջեից օգնության գումար տրամադրելով կամ գյուղատնտեսական որեւէ ծրագրում ներառելով: Նա հայտնեց, որ խոզեր գնելու եւ կերակրելու համար ինքը իր ընտանիքի եւ հարազատների անունից վարկեր է վերցրել «Կամուրջ», «Ֆինքա», «ՍԵՖ» վարկային կազմակերպություններից եւ «ՎՏԲ» բանկից, վարկատու այդ կազմակերպությունները եւ բանկը չեն սառեցրել իր վարկի մայր գումարները, այլ երկարաձգել են վարկի մարման ժամկետները՝ տոկոսներով հանդերձ, ինչը չի թեթեւացնում իր հոգսը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

21 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2020թ հունվարի 20-ին սկսվել է 1973թ. ծնված, Երեւանի Էրեբունի թաղամասում գրանցված Մարտուն Սամվելի Աթոյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1992թ. զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով ինքնակամ լքել է զորամասը եւ օգտագործելով ԽՍՀՄ նմուշի անձնագիրը՝ մեկնել է ՌԴ:

Այդ կապակցությամբ հարուցվել է քրգործ, որի շրջանակներում Մ. Աթոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նպատակ ունենալով այլ անձի տվյալներով վերադառնալ ՀՀ՝ նա ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսարան է ներկայացրել եղբոր՝ Նաիրի Աթոյանի անձնագրի լուսապատճենը եւ իր լուսանկարները, ինչի հիման վրա ստացել է եղբոր կենսագրական տվյալներով, սակայն իր լուսանկարով ՀՀ վերադարձի թիվ 265450 կեղծ վկայականը եւ 2013թ. օգոստոսի 23-ին «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետով, առանց սահմանված փաստաթղթերի ապօրինի հատելով ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ ժամանել է Երեւան:
Այդ արարքի համար Մ. Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը») եւ 329 հոդվածի 1-ին մասով («Առանց փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրգործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ դատախազությունը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս