«Արզնի» ԹՏՖ-ի եւ «ՄԼ Մայնինգ» ընկերության միջեւ տեւական ժամանակ է՝ լարվածություն է ստեղծվել: Կռվախնձորը այլ ընկերության վարձակալության տված հողատարածքն է, որը Արզնիի գյուղապետարանն օտարել է առանց զգուշացնելու:
«Արզնի» ԹՏՖ-ի ներկայացուցիչ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրեց երկու ընկերությունների՝ կռվախնձոր դարձած հողակտորի պատմությունը: Պարզվում է՝ Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող, Երեւան-Սեւան տանող ճանապարհի մայթեզրի մոտ, որտեղ հենց Արզնի թռչնաբուծարանի տարածքն է, դեռեւս 1996 թվականին պետական ակտով Արզնի թռչնաբուծարանին հատկացվել է 52 հա հողատարածք՝ անհատույց օգտագործման: «Այն հետագայում, ՀՀ հողային օրենսգրքի ընդունմամբ, օրենքի ուժով վերածեց վարձակալության ու մինչ օրս վարձակալության է 52 հա հողը: Եւ Արզնի թռչնաբուծարանը պարբերաբար իր վճարումներն էլ համայնքին անում էր: Հետագայում, փաստորեն, պարզվում է, որ 2018 թվականի գարնանը այդ մեծ տարածքից հենց ճանապարհի բերանի մոտ 1.1 հա տարածք առանձնացվում է, եւ, համայնքի ավագանու որոշմամբ, այդ հողը աճուրդով վաճառքի է հանվում: Աճուրդ է տեղի ունենում, այն վաճառվում է X քաղաքացու, որն էլ հետագայում՝ 2018 թվականի հուլիսին, վաճառում է ոմն Դավիթ Սուքիասյանին, որն այսօր ՀՔԾ գլխավոր քարտուղար է»,- ներկայացրեց փաստաբանը: Նրա խոսքով՝ «ՄԼ Մայնինգ» ընկերության 100 տոկոս բաժնետերը ՀՔԾ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանն է։
Մեր զրուցակցի խոսքով՝ խնդիրն այն է, որ եթե համայնքի տարածքը տրված է վարձակալության ինչ-որ X քաղաքացու կամ կազմակերպության, եւ հետագայում եթե համայնքը որոշում է այդ տարածքը վաճառել, ապա նախ պետք է այդ հողն առաջարկի վարձակալին:
«Մենք չենք վիճարկում՝ գյուղապետարանը դա գաղտնի է արել, թե ոչ: Կարող են azdarar.am կայքէջով հայտարարություն տեղադրել, որը, բնականաբար, ամեն օր չես բացի նայես, փորձը ցույց է տվել, որ նման բաները ծածուկ են արվում: Բայց տվյալ դեպքում վարձակալը՝ «Արզնի» թռչնաբուծարանը, ունի այդ հողը գնելու նախապատվության իրավունք: Եւ սա հստակ Հողային օրենսգրքով գրված է, որ աճուրդ իրավունք չունեն անելու: Եթե ցանկանում են այդ հողը վաճառել, ապա պետք է նախ առաջարկեին թռչնաբուծարանին. եթե թռչնաբուծարանը չգներ, հետո աճուրդ անեին: Հիմա այդ նախապատվության իրավունքը 2018 թվականին խախտել են, իսկ դրա մասին թռչնաբուծարանն իմացել է 2019 թվականի ամռանը, երբ այնտեղ ինչ-որ շինարարական աշխատանքներ են տեղի ունեցել, տեխնիկայի կուտակումներ են տեսել, գնացել են ու հետաքրքրվել են համայնքապետարանից, պարզել են, որ հողը վաճառվել է X քաղաքացու, որն էլ իր հերթին վաճառել է Դավիթ Սուքիասյանին»,- տեղեկացրեց «Արզնի»-ի ներկայացուցիչը:
Նշենք, որ այս թեմայի շրջանակներում ՀՀ վարչական դատարանում մի քանի գործ կա. նախ վիճարկվել է հենց համայնքի ավագանու՝ 2018 թվականի այն որոշումը, որով աճուրդ էր կազմակերպվել: «Դա վիճարկելով՝ շղթայական վիճարկվում է նաեւ համայնքի առուծախի պայմանագիրը, գրանցումը, քաղաքացու եւ Դավիթ Սուքիասյանի պայմանագիրը, գրանցումը, Սուքիասյանի ներդրման պայմանագիր: Իսկ շինարարական թույլտվությունը, երբ վիճարկվում է վարչական դատարանում, եւ դատարանը վարույթ է ընդունում գործը, ապա այդ պահից շինթույլտվությունը համարվում է կասեցված: Այդ պահից սկսած՝ որեւիցե մեկը իրավունք չունի շինարարություն անել, որովհետեւ ստացվում է առանց շինթույլտվության շինարարություն: Մենք բարձրաձայնեցինք, որ կասեցված պայմաններում շինարարություն է այնտեղ ընթանում, դեռ նոր էին երկաթե սյուներ տեղադրել: Համայնքի ղեկավարին դիմեցինք, ասացինք՝ Ձեր ֆունկցիան է չթույլատրել, կասեցնել շինարարությունը, խնդրում եմ, արե՛ք: Համայնքի ղեկավարն էլ ասաց. «Դե, ես էլեկտրոնային փոստով ծանուցել եմ իրենց, ոնց որ չեն ստանում»: Շինթույլտվությունը կասեցված պայմաններում համայնքի ղեկավարը ոչ մի միջոց չձեռնարկեց մինչեւ հիմա: Բարձիթողի վիճակում է, շինարարությունը շարունակվում է»,- «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց «Արզնի» ԹՏՖ-ի ներկայացուցիչը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ այլ գործով «Արզնի» ԹՏՖ-ն պահանջում է ճանաչել իրենց սեփականության իրավունքը այդ հողի նկատմամբ, եւ հայցի ապահովման միջոց կա կիրառված դատարանի կողմից այդ տարածքի նկատմամբ որեւէ գործողություն չկատարել, բնականաբար նաեւ չօտարել: «Հարկադիր կատարողը վարույթ ունի հարուցած, ուղարկել է գրությունը նաեւ համայնքին, որ ոչ մի բան չանեք այդ հողի վրա ու նաեւ չօտարեք: Հարկադիր կատարման կողմից արգելանք դրած պայմաններում, քաջ գիտակցելով, թե ինչ տարածքի մասին է վեճը, դարձյալ աճուրդ է իրականացնում, այդ ընթացքում նորից գաղտնի վաճառում է եւս 11 հազար քմ «ՄԼ Մայնինգ»-ին: Արդյոք սա կոռուպցիոն սխեմա չէ՞: Մենք անգամ պատրաստվում ենք այս խնդրով դիմել ՀՀ վարչապետին»,- ահազանգեց փաստաբանը:
Իսկ, ահա, «ՄԼ Մայնինգ» ընկերության հավատարմագրային կառավարիչ Էդուարդ Մարգարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց. «Ես կարող եմ փաստաթղթերը ներկայացնել. իրենք ասում են՝ մենք օգտագործել ենք, հիմա եկեք նայենք օգտագործման տեսանկյունից, որովհետեւ կառավարության՝ 2006 թվականի որոշմամբ՝ փոխվել է նպատակային նշանակությունը, այն դարձել է արդյունաբերական եւ տրվել է համայնքին: Իրենք ասում են, որ դա 1997 թվականից մեր գյուղնշանակության հողերն են, բայց քաջ գիտակցելով այդ օրենքի փոփոխությունը՝ ինչո՞ւ չեն օրինականացնել: Իմ կարծիքով՝ բավականին մեծ գումար պետք է վճարեին, որը ես վճարել եմ: Ես երկրորդ հողակտորը ձեռք եմ բերել մրցույթով, օրենքով սահմանված կարգով մասնակցել եմ մրցույթին, վճարել եմ 35 մլն դրամից ավել գումար համայնքի բյուջե»:
«ՄԼ Մայնինգ» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս պահին եթե շինարարություն է իրականացվում, ապա դա կապ չունի այն շինարարության հետ, որը օրենքով կասեցվել է: «Հիմա լրիվ այլ շինարարություն է իրականացվում, որի փաստաթղթերը նորմալ են, գոյություն ունի նոր շինթույլտվություն, հողի հարթեցման որոշում, բարեկարգման նպատակով համահարթեցման աշխատանքներ են իրականացվում: Իրենք 10 տեղով մտել են դատարան: Բոլոր թղթերը օրենքի տառին համապատասխան են, գոյություն ունի չափագրություն, վկայական, կոորդինատներ եւ այլն»,- նկատեց Էդուարդ Մարգարյանը:
Իսկ ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի հետ կապի մասին Էդուարդ Մարգարյանն ասաց, որ Սուքիասյանը հավատարմագրային կառավարման է տվել ընկերությունը. «Օրենքով սահմանված կարգով, նոտարով բոլոր փաստաթղթերը կա, ես որպես կառավարիչ եմ հանդես գալիս: Դավիթ Սուքիասյանն այդ հողակտորը ձեռք է բերել ֆիզիկական անձից եւ ներդրել իր հիմնարկի մեջ, ընդամենը այդ գործընթացի մեջ այդ մի քանի օրն է երեւացել իր անունն այդտեղ»:
Ի դեպ, ՀՔԾ-ից փոխանցեցին, որ Դավիթ Սուքիասյանը ՀՔԾ գլխավոր քարտուղար նշանակվելուց հետո այդ ընկերությունը հանձնել է հավարտամագրային կառավարման: Արզնիի գյուղապետ Ալեքսանդր Միրզոեւը, լսելով թեմայի մասին, հրաժարվեց մեկնաբանել:
Սյունէ Համբարձումյան