Ընկերս գնաց այլ երկիր, ես չսպասեցի նրան և ամուսնացա Հրանտ Թոխատյանի հետ. Իրինա Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում շոուբիզնեսցիները պատմում են իրենց անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագներ: Նրանք կատարում են անկեղծ խոստովանություններ, նշում, թե անձնական կյանքում գործած քայլերից որոնց համար են ափսոսում, իսկ որոնք են հիշում ջերմությամբ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Իրինա Դանիելյանն է:

Նա այն համոզման է, որ «Առաջին սերը երբեք չի մոռացվում» պնդումը չափազանցված է. «Հիմա սկսեցի մտածել՝ ով է եղել իմ առաջին սերը: Այնպես չէ, որ մոռացել եմ, բայց չեմ հիշում՝ ով է եղել առաջինը: Առաջին սերը հասուն սեր չէ, չգիտես՝ իր հետ ինչ անես (ծիծաղում է): Ավելի հասուն սերը, ինձ թվում է, տարիքի հետ է գալիս: Իսկ առաջին սիրո դեպքում մեր էմոցիաները մեզնից առաջ են ընկնում, այնինչ` կյանքը ճիշտ դասավորելու համար էմոցիան անհրաժեշտ է, բայց բավարար չէ, նաեւ մտածել է պետք»:

Նա պատմեց, որ առաջին անգամ ընկեր ունեցել է 19-20 տարեկանում: Այդ տղան, ի դեպ, արվեստի ոլորտի հետ կապ չուներ, այլ բնագավառից էր: Նրանց հարաբերությունները, սակայն, շարունակական չեղան. «Ամեն ինչ բավական լուրջ էր, բայց մեր միջեւ ոչինչ չստացվեց, որովհետեւ որոշ ժամանակ ստիպված էինք իրարից հեռու լինել, կարելի է ասել` տարածությունը բաժանեց մեզ: Ընկերս գնաց այլ երկիր, նրա կողմից խոստումներ, իհարկե, եղան, պայմանավորվել էինք, որ պետք է իրար սպասեինք, բայց երեւի թե ես համը հանեցի, չսպասեցի նրան, իսկ հետո ամուսնացա Հրանտ Թոխատյանի հետ»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Իր առաջին սիրուն դերասանուհին հանդիպում է մի քանի տարին մեկ, նրանք տեղյակ են միմյանցից, սակայն անցյալի հետ կապված թեմաներ երբեք չեն շոշափում. «Ամեն ինչ անցել-գնացել է, մնացել են միայն ջերմ, ընկերական հուշեր: Գիտեմ, որ նա էլ է ընտանիք կազմել»,-ասաց դերասանուհին:

Նա խորհուրդ տվեց երբեք չսեւեռվել անցյալի վրա, ամեն բան թեթեւ տանել եւ նայել առաջ. «Թող լավ հիշողությունները մնան, վատերը՝ ոչ: Եթե անընդհատ վատը հիշենք, դառը կյանք կունենանք: Ինձ թվում է՝ մարդու ուղեղը հաճախ ընտրություն է անում եւ հիշում է միայն լավը»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս