Թուրքիայի միջամտությունն անթույլատրելի է, դրանք հայկական տարածքներ են. էստոնացի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու), հոկտեմբերի 12-ին  կառավարության հարցուպատասխանին հաջորդած խմբակցությունների հայտարարությունների ժամին կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել  հայտարարությամբ, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ: Հայտարարությունը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։

Հայտարարության մեջ ասվում էր. «Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ: Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին եւ բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ, եւ դադարեցնել ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ձևավորումը եւ ուղղորդումն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատ»:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Էստոնիայի պահպանողական կուսակցության անդամ, պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը:

-Պարո՛ն Էսպենբերգ, ինչ կարող եք ասել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տիրող իրավիճակի մասին: Վերջին մի քանի տարիներին այդ տարածքում լարվածություն է, այժմ էլ վերածվեց այդ ամենը պատերազմի: Ըստ Ձեզ, ինչո՞ւ:

-Միանշանակ դժվար է ասել, բայց իմ կարծիքով այդ ամենի պատճառը Թուրքիայի հավակնությունների մեծացումն ու ավելի հզոր Իսլամական կայսրության կամ սուլթանաթի ստեղծումն է: Իսկ երկրորդ պատճառը կարող է լինել Ռուսաստանի Դաշնության կողմից թուլությունն ու այս դեպքում նաև պասիվությունը: Ադրբեջանական կողմը, իհարկե, հաշվարկել է, որ սա լավ հնարավորություն է եւ լավ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան վերադարձնել սովետական շրջանի տարածքները:

– ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, Եվրամիությունը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց ռազմական գործողությունները ընթանում են, ինչո՞ւ:

-Էմոցիաները մեծանում են, պաշտպանվողները (հայերը) չեն հանձնվում, հարձակվողները (ադրբեջանցիները) հաղթանակի հույսեր ունեն: Իմ կարծիքով, հայկական եւ ադրբեջանական կողմերին բանակցությունների սեղանին նստեցնելու ուղղությամբ քայլերը, եթե արդեն արվում են, ավելի շատ պետք է լինեն, պետք է կրկին ու կրկին փորձել:  Միգուցե պետք է սանկցիաներ կիրառվեն, բանկային հաշիվներ սառեցվեն, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Իհարկե վերջինս շատ լավ է բանակցություններում, սակայն մենք չգիտենք՝ նա կշարունակի նախագահ լինել թե ոչ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս վատ բանակցող չէ: Բայց ավելի շատ ջանքեր են պետք:

– Այդ դեպքում ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից, եթե հայտարարություններն արդյունք չեն տալիս:

-Միջազգային հանրության կողմից աջակցությունը շատ կարևոր է, հատկապես հոգեբանական աջակցությունը: Վերջապես հակամարտող կողմերը պետք է հրադադար ստորագրեն: Շատ պատերազմներ կան, որ տարիներով են ընթանում, բայց ԵՄ-ն, նաեւ ՄԱԿ-ը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

-Իսկ ի՞նչ կարող եք ասել Անկարայի եւ սիրիացի ահաբեկիչների մասնակցության մասին:

– Երրորդ անձանց եւ երկրների միջամտությունն անթույլատրելի է, դա կարող է ավելի վատ հետևանքներև ունենալ եւ հանգեցնել ավելի լուրջ կոնֆլիկտի: Սիրիացի ահաբեկիչների մասնակցությունը եւս անթույյլատրելի է, չնայած որ այդպիսի մեթոդներ օգտագործվում են տարբեր կոնֆլիկտներում

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն 28 տարի անկախ է: Ի՞նչ եք կարծում՝ ինչու մինչեւ հիմա որեւէ երկիր չի ճանաչել այն եւ հիմա  կան արդյոք հնարավորություններ այս պահին նման արդյունքի հասնելու համար:

-Բոլորին է հայտնի, որ դրանք հայկական տարածքներ են, սակայն միջազգային իրավունքը, ցավոք սրտի, Ադրբեջանի կողմն է, ճիշտ այնպես ինչպես Ղրիմի պարագայում: Սովետական շրջանում, հատկապես Ստալինը, շատ է այնպիսի քայլեր արել, որոնք հանգեցրել են ամենուր կոնֆլիկտների: Ահա և մի քանի պատմական պատճառներ: Սակայն միշտ էլ կարելի է բանակցել, հասնել կոմպրոմիսի եւ իհարկե փոխզիջումների: Առանց փոխզիջումների հարցի կարգավորումը հնարավոր չէ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս