Armenian text to speach

ԻՆՉՈՒ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ  կրող անձանց։ Արդեն մի քանի օր է հատուկ ջոկատայինները ներխուժում են ՀՀ բանտերի կոնկրետ խցեր ու տակնուվրա անում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օպերացիաների արդյունքում դատապարտյալներ են տարհանվել ու այլ բանտեր ուղարկվել։ Բայց դա ամենը չէ. որոշ դատապարտյալների, որպես պատիժ, Երեւան Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի՝ «ԱԱԾ մեկուսարան» են ուղարկել։ ՀՀ բանտերում առավել հայտնի «Զիլ Դավոն», Մուշեղ Մանուչարյանը, Գեղամ Բաղդասարյանը գլխավորել են բանտերում դատապարտյալներին ճնշելու օպերացիան, ինչի արդյունքում նրանց տարհանել են բանտերից ու այլ ՔԿՀ-ներ տեղափոխել։

Նշենք, որ ի պատասխան առկա խայտառակ իրավիճակի՝ ՔԿ ծառայությունը հայտնել էր. «Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տեւական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ եւ հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։

Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք եւ ցմահ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին եւ այլն»։

 

 

 

 

 

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ամենաշատ փոփոխություններ կրած ծրագիրն է, որի շրջանակում խնդիրների են բախվում հազարավոր արցախցիներ։ «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս պարբերաբար ահազանգեր է ստանում դրա վերաբերյալ. արցախցիներն անհանգստացած են բնակարանային աջակցության ծրագրի մի շարք խնդիրներով, որոնց առկայության պատճառով ծրագրին դիմել չեն կարող։ Այդ խնդիրներից մեկն այն է, որ բնակարան տրամադրելուց հետո՝ 10 տարի անց, բնակարան ձեռք բերելու համար պետությունից հատկացված 3-4 միլիոն դրամները պետք է վերադարձվեն պետությանը, ինչն էլ անհանգստացրել է նրանց։ Ավելին՝ նրանց ասվել է, որ եթե ընտանիքի որեւէ անդամ մեկնի արտերկիր մշտական բնակության, ապա բնակարանը փաստացի նրանց չի տրամադրվի։ Իսկ պետության կողմից բնակարանը առհասարակ կարող է դառնալ սեփականություն 10 տարի անց, ինչպես, օրինակ, հիփոթեքային վարկի գործող ընթացակարգի դեպքում է։ «Ժողովուրդ» օրաթերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցեցին, որ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում» նման պայման չկա։

 

 

 

 

 

 

Մարտի 25-ին iravaban.net-ը նյութ էր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դուստր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու համար: 2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա եւ հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց՝ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մարինա Խաչատրյանը ներկայումս աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ: Վերջինս դիվանագիտական աշխատանք է իրականացրել Լեհաստանում եւ Վրաստանում՝ կատարելով հյուպատոսի պարտականությունները, եւ տեւական ժամանակ է ահազանգում է իր ընտանիքի շուրջ կատարվող դեպքերի մասին, սակայն իրավապահ համակարգում քար լռություն է: Եվ ահա, ԱԳՆ դիվանագետ Մարինա Խաչատրյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է. «Հորս մեղադրում են իմ նախկին ամուսնու ու նրա հոր սպանության նախապատրաստման համար։ Մենք ամուսնացած ենք եղել 10 տարի առաջ, ամուսնալուծությունից հետո ընդհանրապես չենք հանդիպել, չենք շփվել, ոչ մի ընդհանուր բան չունենք»։ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ նախկին ամուսնուց բաժանվել է 10 տարի առաջ՝ առանց թշնամության ու կոնֆլիկտների։ Մարինան փորձել է կապվել նախկին ամուսնու հետ, հասկանալու՝ ինչ է կատարվել, եւ արդյոք նա հավատացել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին. «Ես ուզում էի լսել նրան, բայց ինքը չցանկացավ ինձ հետ խոսել»։

 

 

 

 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առերեւույթ իրավախախտման հատկանիշներով հարուցել է վարչական վարույթ։ Բանն այն է, որ ուսումնասիրվել է Ռուզան Մարգարյանի կողմից Հանձնաժողով ներկայացված 2023 թվականի գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրված տվյալների արժանահավատությունը եւ ամբողջականությունը, որի արդյունքում արձանագրվել է հետեւյալ անհամապատասխանությունը. Ռուզան Մարգարյանը հայտարարագրի «Բ.3 Արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում չի հայտարարագրել իր՝ «Արփի գինու գործարան» ՍՊԸ-ի 100% բաժնետեր լինելու վերաբերյալ տվյալները։ Մարգարյանը ծանուցվել է նշված գործի քննությանը մասնակցելու նպատակով. վերջինս չի ներկայացել, սակայն ներկայացուցիչ է ունեցել, եւ ներկայացուցիչ Հովհաննես Ուրֆանյանի ներկայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցված Մարգարյանի բացակայության պայմաններում 2025 թվականի փետրվարի 20-ին տեղի է ունեցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն։ Արդյունքում Ռուզան Մարգարյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 հազար դրամի չափով։

 




Լրահոս