Armenian text to speach

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՇՈՒՐՋ ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ լուսադեմին, գործարար Սամվել Կարապետյանին քրեական ոստիկանություն տանելուց հետո ավելի ուշ տեղափոխել են նախաքննական մարմին: Օրվա հենց սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց, որի հիման վրա Արմեն Աբազյանին ազատեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվեց  ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին:

Ըստ Armlur.am-ին հասած տեղեկությունների՝ Արմեն Աբազյանի հեռանալուց հետո շատ պաշտոնյաներ առաջիկայում կլքեն համակարգը։

Երեկ Կարեն Կարապետյանն ու նրա որդին՝ Նարեկ Կարապետյանը, դուրս եկան Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքից։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իրավապահ մարմինները ողջ գիշեր զբաղված են եղել մեղադրանք ձեւակերպելով՝ կոնկրետ նպատակ ունենալով քրեական հետապնդում սկսել գործարարի նկատմամբ, քանի որ «ստացել են SMS»:

Ինչպես հայտնում են ArmLur.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները՝ այդ մեղադրանքը մինչ այս պահը չեն կարողանում գտնել, քանի որ հիմքեր չկան:

Տեսակետ է եղել փողերի լվացման հատկանիշներով մեղադրանք առաջադել, բայց դեռ տատանվում են: Նույն աղբյուրների պնդմամբ՝ ակնկալվում է, որ Կարապետյանի նկատմամբ առաջիկայում կարող են առաջադրվել քաղաքական երանգ ունեցող մեղադրանքներ, ինչպիսիք են լրտեսությունը, հեղաշրջման փորձը եւ այլ հոդվածներ, բայց դրանց հիմքերն էլ դեռ գտնված չեն։ Ըստ շրջանառվող տվյալների՝ իրավապահների գործողությունների հիմքում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հստակ քաղաքական հրահանգը՝ ուղղված բարերարին մեկուսացնելուն։

Հիշեցնենք, որ երբ Սամվել Կարապետյանը հրապարակայնորեն աջակցություն հայտնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Փաշինյանի վարչակազմի կողմից գնահատվեց դա որպես քաղաքական մարտահրավեր, Փաշինյանը սկսեց ստատուսներ գրել։ Արդյունքում՝ իրավապահ համակարգը ներգրավվեց գործողությունների մի շղթայի մեջ, որն այսօր հանգեցրեց Կարապետյանի՝ ձերբակալվածի կարգավիճակին։

Հատկանշական է նաեւ, որ այս գործընթացի ժամանակ լարվածություն է առաջացել նաեւ իշխանության ներսում։ Մասնավորապես, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես հաղորդվում է, փորձել է վարչապետին հասկացնել, որ բարերարի եւ եկեղեցու դեմ ուղղված նման քաղաքական մոտեցումը անընդունելի է։ Սակայն Փաշինյանը հակադարձել է նրան, ինչի արդյունքում Աբազյանը առավոտյան հեռացավ զբաղեցրած պաշտոնից։ Այսպիսով՝ ունենք մի իրավիճակ, երբ ազգային արժեքներ կրող Սամվել Կարապետյանը հայտնվել է իշխանական ճնշման թիրախում՝ իր դիրքորոշման համար։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բարերար Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանն է։ Վերջինս պաշտոնի նշանակվել է նախորդ տարի նոյեմբերին։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն  հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժորա Չիչոյանը բոլոր դատարաններին հրահանգել էր երեկ ողջ օրը հերթապահել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պատճառը այն է, որ այս շաբաթ հերթապահող դատարանը Ավանի դատարանն է, սակայն, ըստ մեզ հասած լուրերի, Ավանի դատարանում քաղաքական իշխանության ցանկալի դատավորը արձակուրդի մեջ է, ուստի որոշում է կայացվել , որ Երեւան քաղաքի բոլոր դատարանները երեկ հերթապահեցին, որպեսզի նախաքննական մարմինը իր ցանկալի դատարան ներկայացնի Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը եւ ունենա դրական արդյունք։

ArmLur.am-ը դիմեց Երեւան քաղաքի դատարան, որտեղից, ի պատասխան մեր տեղեկությունների, հայտնեցին՝ նման որոշում կա, որ Երեւան քաղաքի բոլոր դատարանները հերթապահեն, եւ այդ որոշումը կապ չունի մեր կողմից նշված անձի կալանքի միջնորդության հետ, այլ պայմանավորված է միջնորդությունների քանակով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս