Գործատուների միջև հավասար մրցակցություն չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, այսօրվա մամլո ասուլիսում խոսելով  մեր երկրում աշխատողների իրավունքների պահպանման մասին, ասաց, որ մեր երկրի աշխատաշուկան տարբերվում է այլ երկրների աշխատաշուկայից. «Հայաստանում խոշոր արդյունաբերական  ձեռնարկություները գտնվում են մարզերում, որտեղ  աշխատողների քանակը քիչ է: Հայաստանում զբաղվածների մեծ մասը  բաժին է ընկնում փոքր բիզնեսին` մոտ   220.000 քաղաքացի աշխատում է փոքր ձեռնարկություններում»,- նշեց պրն Մակարյանը:

Մակարյանի կարծիքով` պետք է  վարել հարկային այնպիսի քաղաքականություն, որպեսզի խոշոր ձեռնարկություններում աշխատողների քանակը շատ լինի:

Ինչ վերաբերում է  գործատու- աշխատող  հարաբերություններին, պրն Մակարյանի խոսքով` Հայաստանում աշխատողների իրավունքները հաճախ ոտնահարվում են, քանի որ գործատուների միջև հավասար  մրցակցություն չկա: Դրա պատճառով առաջանում է ստվերային աշխատուժ, և աշխատանքային պայմանագրեր չեն կնքվում:

Մակարյանի խոսքով, ցավոք, աշխատանքային պայմանագրերի   կարևորությունն ու իմաստը  հաճախ չեն ըմբռնում հենց գործատուները. «Նա միայն մտածում է, որ պատկան մարմինները եթե հայտնաբերեն ստվերային աշխատուժ, իրեն կտուգանեն և վերջ: Բայց չէ որ եթե այդ աշխատողին մի   բան պատահի, ապա պատասխանատու է առաջին հերթին գործատուն»,- եզրափակեց Գ. Մակարյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս