Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հետո չզղջաք, զգուշացնում եմ». ի՞նչ առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանին Անդրանիկ սարկավագին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թումանյան 5/9 հասցեում բարձրահարկ շենքի կառուցումը տարիներ շարունակ անհանգստության պատճառ է դարձել տարածքի բնակիչների համար։ Շինարարական աշխատանքների հետևանքով, ըստ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի, վնասներ են հասցվել իր սեփականություններին, իսկ դրանցից որոշներն արդեն քանդվել են։ Մյուս հատվածը շարունակում է վտանգված մնալ։

Անդրանիկ սարկավագը տարիներ շարունակ բարձրաձայնում է խնդրի մասին՝ պնդելով, որ շինարարությունն իրականացվում է մի շարք խնդրահարույց պայմաններում։

Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են տան պատերը, առաստաղն ու հիմնասյուները։ Վտանգված է նաև այն տունը, որը, ինչպես նշում է Անդրանիկ սարկավագը, հենց ինքն է հիմնադրել։

Այսինքն՝ տարիներ շարունակ կառուցվում է մի շինություն, իսկ դրա հարևանությամբ գտնվող սեփականության անվտանգության հարցը, ըստ ահազանգողի, այդպես էլ չի ստացել վերջնական լուծում։

Անդրանիկ սարկավագի խոսքով՝ խնդրի մասին ինքը տեղեկացրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Սակայն, նրա պնդմամբ, մինչ օրս հարցը չի կարգավորվել։

Ավելին՝ Անդրանիկ սարկավագը Փաշինյանին հրավիրել է իր տուն՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և տեսնելու, թե ինչ վիճակում է հայտնվել իր սեփականությունը։ Սակայն, նրա խոսքով, վարչապետը չի ընդունել հրավերը։

Մինչդեռ շինարարությունը շարունակվում է, իսկ ահազանգողը պնդում է՝ ժամանակը աշխատում է ոչ թե խնդրի, այլ հնարավոր հետևանքների օգտին։

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հայտարարում է՝ պատրաստվում է հարցը հասցնել մինչև վերջ և պահանջում է, քանի դեռ ուշ չէ, համապատասխան մարմիններից լուծում տալ խնդրին։

Նրա խոսքով՝ եթե այսօր հնարավոր է կանխել ավելի լուրջ հետևանքները, ապա վաղը կարող է արդեն ուշ լինել։

«Հետո զղջալու են»,— զգուշացնում է Անդրանիկ սարկավագը՝ իշխանություններին և պատասխանատու կառույցներին կոչ անելով վերջապես զբաղվել տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդրով։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս