1972 թվականին ծնված Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Սիսակ Մելքոնյանը իր համագյուղացի Լ. Մ.-ին բռնաբարելու մեղադրանքով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման:
Դատավարությունն ընթացել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Եղվարդի, այնուհետև` Աբովյանի նստավայրում` դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել 2012թ հուլիսի 12-ին ժամը 02:00-ից 03:00-ը ընկած ժամանկահատվածում՝ Կոտայք գյուղի Աստղաբերդ կոչվող սարատեղում, երբ Մելքոնյանը մտել է Լ.Մ.-ի վագոն-տնակ և վերջինիս կամքին հակառակ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:
Սակայն Լ.Մ.-ին հաջողվել է դիմադրություն է ցուցաբերել, թեյի բաժակով հարվածել է նրա գլխին ու փախել տնակից: Ապա վայր է ընկել տնակի դիմաց, որից հետո Ս.Մելքոնյանը մոտեցել է Լ.Մ.-ին, մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է վերջինիս սպանել:
Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի և 34-138 հոդվածի 1 մասի հատկանիշներով:
Armlur.am-ին հաջողվել է պարզել նաև, որ Սիսակ Մելքոնյանն ստացել է միջնակարգ կրթություն, ամուսնալուծված է, չի աշխատում և նախկինում 3 անգամ դատված է եղել:
Դատական նիստի նախապատրաստական մասում տուժողը 17.01.2013թ.-ին գրավոր դիմում է ներկայացրել այն մասին, որ հաշտվել է Սիսակ Մելքոնյանի հետ, նրա դեմ բողոք և քաղհայցի պահանջ չունի և խնդրել է նրան քրեական պատասխանատվությունից ազատել, քանի որ համագյուղացիներ են և հետագայում նույն գյուղում են ապրելու:
Ամբաստանյալի պաշտպանը` Արթուր Սահակյանը, դատարանին քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ հայտնել է, որ մինչ դատաքննության սկսվելը ամբաստանյալ Սիսակ Մելքոնյանը և տուժող Լիաննա Մարտիրոսյանը հաշտվել են, 17.01.2013թ.-ին տուժող` Լիաննա Մարտիրոսյանը դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին և հայտնել է, որ ներել է Սիսակ Մելքոնյանին, նրա դեմ բողոք չունի, քաղաքացիական հայց չունի և խնդրում է նրան ազատել քրեական պատասխանատվությունից:
Առաջին ատյանի դատարանի վճիռը պատասխանող կողմը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ մերժում է ստացել:
Օրենքի սահմանված ժամկետներում կողմը դիմել է նաև Վճռաբեկ դատարան` նախագահությամբ Դ.Ավետիսյանի, մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի, Հ.Ասատրյանի, Ս.Ավետիսյանի, Ա. Պողոսյանի, քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 29-ի որոշման դեմ մեղադրող Հ. Ենոքյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 29-ի որոշման դեմ մեղադրող Հ. Ենոքյանի վճռաբեկ բողոքը վերադարձնել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է, ենթակա չէ բողոքարկման:
Տաթև Հարությունյան