Օրերս՝ ակտիվ հավաքներից մեկի ժամանակ, «օրենքով գողի» իր կոչումից զրկվեց ռուսական քրեական աշխարհում «լեգենդ» համարվող Ալեքսանդր Սևերովը (Սաշա Սևեր):
Հենց նրան էր ժամանակին նվիրվել Միխայիլ Կրուգի հայտնի «Владимирский централ» երգը:
Ինչպես հայտնել է օրինապահ մարմիններում եղած աղբյուրը, նշված հավաքը կազմակերպել էր Սերգեյ Վոլկովը՝ «Վոլչոկ» մականունով:
Աղբյուրի համաձայն՝ Սևերին պարտադրվել է հրաժարվել գողական ավանդույթներից՝ հեռուստաալիքներին տված հարցազրույցների պատճառով:
Ալեքսանդր Սևերով` Սաշա Սևեր
Նշենք, որ պարբերաբար հավաքներ է իրականացնում նաև ազգությամբ հայ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Ասետրինա):
Էդուարդ Ասատրյան` Ասետրինա
Ռուսաստան վերադառնալով՝ նա է՛լ ավելի է հզորացրել իր կլանը, որի անդամների թիվն օրեցօր աճում է, և քրեական աշխարհում մեծ դիրք է գրավում:
Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ասետրինայի կլանի հզորացումը «գողերի» աշխարհի վրա, կկարողանա արդյոք նա ռուս ամենահեղինակավոր «օրենքով գող», վերջին կնքահայր Միշա Յապոնչիկի օրինակով իր կլանի մեջ ներառել ռուսական մաֆիան, Armlur.am-ը փորձեց պարզել քրեագետ Սերգեյ Գալոյանից:
Վերջինս հայտնեց, որ ինքը խիստ կասկածում է դրանում:
«Դա մտքներիցդ հանե՛ք, ռուսական մաֆիայի դերը ստանձնելու համար էնքա՜ն մարդիկ են հերթի կանգնած….: Ասետրինային էտ դերը շատ կլինի»,- համոզված է քրեագետը:
Ինչ վերաբերում է Սաշա Սևերի` գողական ավանդույթներից հրաժարվելուն, Սերգեյ Գալոյանը նշեց, որ դրա նախաձեռնող Վոլչոկը իրեն երբեք չի հետաքրքրել:
«Ինքը էտ աշխարհում ըտենց մի դեմք չի, որ ինձ հետաքրքրեր: Գուցե հայտնի ա, բոլորը գրում են իրա մասին: Մեկ-մեկ զգո՛ւյշ եղեք մարդկանց կրիմինալ աշխարհի հզորներ նշանակելուց, որքան էլ նրանք «օրենքով գող» լինեն: Հզորը Յապոնչիկն է, Սալոնիկն է, մեր հայրենակից Սվո Ռաֆն էր…»,- եզրափակեց քրեագետը:
Տաթև Հարությունյան