Հեռուստատեսությունը ծանոթ չունեցողերին թույլ չի տալիս դրսևորվել.Վիա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, մի շարք ազգային, հայրենասիրական, էստրադային և մանկական երգերի հեղինակ-կատարող Վարդուհի Խաչատրյանը` Վիա բեմական անվամբ, չնայած ստեղծագործական ճանապարհին հայտնված մի շարք խոչընդոտներին ու դժվարություններին, այնուամենայնիվ շարունակում է իր գործունեությունը: Ավելին` երգչուհին նորություններ ունի իր ունկնդրի համար:

Armlur.am-ի հետ զրույցում Վիան պատմեց, որ իր ստեղծագործությունները կատարվել են «Արևներ» մանկական համույթի, երգչուհի Գոհար Հովհաննիսյանի և մի շարք այլ ճանաչված արտիստների կողմից:

«Այս տարի համագործակցել եմ նաև Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլի հետ: Եվ ամեն անգամ երեխաների շուրթերից Հայաստան բառը լսելիս անկեղծ հուզվում եմ, միաժամանակ` հպարտանում: Պատրաստ է նաև «Հայ զինվոր» երգը, որը Պաշտպանության նախարարության «Զորակն» անսամբլն է կատարում, տարբեր զորամասերում էլ տարբեր առիթներով հնչում է այդ երգը»,- նշեց երգչուհին` հավելելով, որ համագործակցում է նաև երգիչներ Աիդա Սարգսյանի, Արսեն Գրիգորյանի և այլոց հետ:

Վիան անմասն չի մնում նաև սփյուռքի մեր հայրենակիցների հետ համագործակցելուց: Armlur.am-ին երգչուհին հայտնեց, որ ընթացքի մեջ են ստեղծագործությունների շարքի ծնունդը Մարտին Յորգանսի, Արաքսյա Վարդերեսյանի և այլոց հետ:

Խոսելով այսօր երգարվեստում առկա խնդիրների մասին` Վարդուհի Խաչատրյանը վստահեցրեց, որ ճանաչվելու համար ծանոթ է անհրաժեշտ: Սակայն, այս փաստը երգչուհուն չի վհատեցնում. ինչ էլ լինի, նա ստեղծագործում է, արարում և իր լուման է ներդնում հայալեզու, հայրենասիրական երգարվեստում:

«Այսօր դպրոցահասակ երեխային հարցնում եմ` այս ինչ ստեղծագործողի այս ինչ երգը լսե՞լ ես, նա զարմանում է, թե ում մասին եմ ես խոսում: Իսկ այն երգերը, որոնք անընդհատ ցուցադրվում են հեռուստատեսությամբ, երեխաներն անգիր գիտեն: Ինչ երգերի ներքո նրանք մեծանում են, դա է դառնում նրանց հարազատ:

Սակայն, պետք է անել այնպես, որ մեր երեխաները սիրեն և դասական երաժշտությունը, որը շատերն անգամ չեն էլ հասկանում,  և՛ օպերային կատարումները, և՛ ջազայինը: Բայց մեր հեռուստաընկերություններն այդ հնարավորությունը չեն տալիս: Մենք ստիպված պետք է նստենք, ամեն անգամ նույնը նայենք:

Նրանք պահանջարկ են թելադրում: Որ ալիքը միացնում ես, նույն երգիչն է, նույն երգով»,- իր մտահոգությունները հայտնեց երգչուհին` հավելելով, որ բոլորին պետք է նույն աչքով նայել և դրսևորվելու հնարավորություն տալ:

Որոշ արտիստների չերևալը, ավելի հայտնի չդառնալը Վիան կապում է ֆինանսական միջոցների ու «թիկունք ունենալու» հետ:

Երգիչ-կատարողն, անդրադառնալով մշտապես արծարծվող, սակայն այդպես էլ լուծում չգտնող թեմային` թուրքական և արաբական նոտաների օգտագործմանը հայկական երգարվեստում, նշեց, որ ինքն ընդունում է ցանկացած արվեստ, սակայն հայկականը դրանցով լցնելն ու աղավաղելը երգչուհու համար անընդունելի է:

«Ես կողմ եմ նաև նրան, որ մեր ավանդականը նորացվի` նոր գործիքավորմամբ: Սակայն նորացվել չի նշանակում օտարազգի ելևէջներով լցնել: Նախ ոչ ոք իրավունք չունի ինչ որ մեկի ստեղծագործությունը փոխել կամ իր ուզած ձևով ներկայացնել: Դա հեղինակային իրավունքի խախտում է: Իսկ լսարանիս մաղթում եմ, որ միշտ լսեն և գնահատեն ըստ արժանվույն յուրաքանչյուր արտիստի, ինչն ամենակարևորն է: Անհրաժեշտ է սիրել այն, ինչը մերն է, հայկականը, սիրել այն երաժշտությունը, այն բառերը, որոնց մեջ հայկական ոգի կա»,- իր մեծ ցանկությունը հայտնեց երգահանը:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս