Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լաման BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ, ամենայն հավականությամբ, ինքը հետևորդ չի ունենալու:
79-ամյա առաջնորդի խոսքով՝ Դալայ-լամայի պաշտոնը որպես ինստիտուտ, որը հիմնադրվել է հասարակության կողմից պատմության որոշակի փուլում, կդադարի գոյություն ունենալ:
Դալայ-լաման չի բացառում, որ ինքը կարող է Տիբեթի վերջին հոգևոր առաջնորդը լինել:
Նա նաև մտավախություն է հայտնել, որ իրենից հետո պաշտոնը կարող է անարժան մարդ զբաղեցնել:
Վերջերս Հռոմի պապը քաղաքական պատճառներով՝ «Չինաստանում բարդ իրավիճակի պատճառով», հրաժարվել էր հանդիպել Դալայ-լամայի հետ: Երկու հոգևոր առաջնորդները պետք է զրույց ունենային Հռոմում խաղաղության Նոբելյան մրցանակակիրների հանդիպման ժամանակ:
Չինաստանի իշխանությունները մեղադրում են Դալայ-լամային անջատողականության մեջ և քննադատաբար են վերաբերվում քաղաքական գործիչների և հոգևոր առաջնորդների հետ նրա հանդիպումներին: