«ԵՍ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի օր շարունակ «թեժ» պայքար է ընթանում Արագածոտնի մարզպետ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանի ու Ազգային Ժողովի պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի միջեւ: Վերջիններս օրեր շարունակ իրար «երեսի» են «շպրտում», թե ով է ում «մարդ դարձրել», ինչպես են Սահակյան եղբայրները «իրեն դեպուտատ դարձրել», «թե ոնց մանդատը վերցրին դրին իրա գրպանը» եւ այլն:  Իսկ օրերս էլ Սահակյանը հայտարարել էր, թե քանի որ Մնացականյանը ՀՀԿ-ի թեկնածուին չի սատարել Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ապա ինքը նրան կպատժի «լեռնցու օրենքներով»: «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց մարզպետի հետ՝ պարզելու, թե երբ է պատժելու Մնացականյանին, եւ որն է այդ օրենքը, որի մասին ոչ ոք տեղյակ չէ, ապա՝ Մ. Մնացականյանի:
-Պարո՛ն Սահակյան, օրերս հայտարարել էիք, թե Դուք ԱԺ պատգամավոր Մ. Մնացականյանին պատժելու եք, այն էլ «լեռնցու օրենքներով»: Ո՞րն է այդ օրենքը, եւ արդյոք Մնացականյանն իր պատիժը ստացել է:
-Արդեն ամեն ինչ ասված է, ի՞նչ բացատրեմ, թե դա որ օրենքն ա, ես մեկնաբանություն չունեմ՝ դրա հետ կապված: Ուրիշ հարց ունե՞ս, ուրիշ հարց տո՛ւր, կլինի` կիմանաք, թե օրենքը որն ա:
-Բայց «պատժվող» Մնացականյանը եւս տեղյակ չէ այդ օրենքից, եւ իրեն եւս հետաքրքրում է, թե Դուք ոնց եք պատրաստվում իրեն պատժել:
-Ես բացատրելու ոչ մի բան չունեմ, էդ հարցը փակ-վա-ծա: Էդ հարցերն արդեն իրենց պատասխանները ստացել են: Ախր էդ էն թեման չի, որ ես խոսեմ, ինչ-որ մի կարեւոր բան չկա, որ ինչ-որ բան ասեմ, մեկնաբանություններ տամ: Հիմա ուրիշ հարցեր կա՞ն, էդ հարցն արդեն փակված ա:
-Մնացականյանը Ձեր ընտրատարածքից է պատգամավոր ընտրվել, ու Դուք նրա թեկնածությունն եք սատարել, ինչո՞ւ եք հիմա Ձեր պատգամավորի հասցեին հրապարակայնորեն մեղադրանքներ հնչեցնում: Եթե Մնացականյանից դժգոհ էիք, ինչո՞ւ նրա թեկնածությունը պաշտպանեցիք:
-Կոնֆլիկտ, բան չի առաջացել, ես կատարում եմ երկրի, Հանրապետական կուսակցության նախագահի հանձնարարականը, իսկ ով որ փորձում ա այլ կերպ մտածի, իմ համար դա ընդունելի չի, եւ կոնֆլիկտ կառաջանա նրա հետ: Կուսակցությունը որոշում էր կայացրել Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ այլ թեկնածուի պաշտպանել, Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Կուսակցության որոշումն ինձ համար մեծագույն պարտք է կատարելու համար: Կուսակցությունը որոշում էր կայացրել, ես դա եմ կատարել, իսկ ով կանգնած չի մեր կողքին, ինձ համար ընդունելի չի: Հո ես հիմա Մնացի խելքին չե՞մ ընկնելու` մեկնաբանություններ անեմ, պատասխաններ տամ:
-Մ. Մնացականյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Դուք շատ փոքր մարդ եք, որ իրեն պատժեք:
-Դե հիմա շիրա ես տալի՞ս, թե ով ինչ էր ասում, էնի ո՞վ ա, որ ես նրա հարցերին պատասխանեմ: Թող Ձեզ չմտատանջեն այդ հարցերը:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ Դուք միշտ կոնֆլիկտ եք ունենում Ձեր ընտրատարածքներից ընտրված պատգամավորների հետ, նույն իրավիճակն էր նաեւ Խաչիկ Մանուկյանի հետ:
-Ես էլ հարցերի չեմ պատասխանում (անջատեց հեռախոսը-Ս.Գ.):

ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյան
-Պարո՛ն Մնացականյան, բացի այն, որ Արագածոտնի մարզպետն է Ձեզ որոշել «լեռնցու օրենքով» պատժել, հիմա էլ նրա եղբայրը «Հրապարակ» թերթի հետ զրույցում Ձեզ «դդմի գլուխ» է անվանել:
-Ուրեմն ես Ձեզ ասեմ, որ ես էդ փողոցային, ժարգոնային խոսակցությունը չեմ ուզում մեկնաբանեմ, չեմ ցանկանում որեւէ բան ասել, քանի որ բոլորն էլ գիտեն, թե ոնց են պատգամավոր դառնում: Չեմ ուզում ընդհանրապես անդրադառնալ այդ զրույցին, այդ կարգի, որակի հոդվածներին պատասխանել: Կշիռների ու մակարդակների խնդիր էլ կա, ու ինձ էդ ամեն ինչը չի հետաքրքրում, չեմ ուզում մեկնաբանել: Մարդիկ թող մի հատ իրանց հաշիվ տան, թե որտեղ են գտնվում, ինչ են անում, ինչի մասին են խոսում ու նոր խոսեն: Պատերի տակ մարդ կարա ամեն ինչ խոսել, ու այդ փողոցային, ժարգոնային բառերը չեմ մեկնաբանելու, դա իրենց խնդիրն է:
-Սահակյան եղբայրները նշում են նաեւ, որ Դուք պատգամավոր եք դարձել իրենց շնորհիվ:
-Ես չեմ իմանում, էդ կարաք իրանց հարցնեք, ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, ինձ սատարել է ՀՀԿ-ն, որն էլ հզոր կուսակցություն է, ու այդ սատարումով եմ ես պատգամավոր ընտրվել: Իսկ ով ինչ կասի, ինչ չի ասի պատերի տակ` ինձ չի հետաքրքրում:
-Մեր տեղեկություններով՝ Դուք առանձնազրույց եք ունեցել Սահակյանի հետ, որի ընթացքում իրար հայհոյել եք, ու ձեր այդ «փոխհրաձգության» մասին անգամ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է տեղյակ:
-Դրանք հիմարություններ են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս