ԱՂԱՄԱՆԻ ԿԱՓԱՐԻՉ ԿՈՒԼ ՏՎՈՂԸ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, կլսվի ԼՂՀ զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Աշոտ Բարսեղյանի գործով դատական նիստը: Ըստ քրեական գործի նյութերի՝ նա, գտնվելով ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչ բաժնում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով աղամանի կափարիչի կտոր կուլ տալու միջոցով կատարել է անդամախեղում եւ տեղափոխվել ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալ: Ի դեպ, սա այն զորամասն է, որտեղ շատ են հանցագործություններ լինում: Չի բացառվում, որ զինվորը նման քայլի է դիմել շատ ավելի վատ իրավիճակից խուսափելու համար:
«ՊԱՌԿԱԴՈՒԼԱՎՈՐԸ»՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 9:30-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է քաղաքացիական բողոքի ակցիաներից հայտնի, նախկին քաղբանտարկյալ, «պառկադուլավոր» Վարդգես Գասպարիի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 2011թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ կառավարության թիվ 1 շենքի մոտակայքում հասարակական կարգը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելու համար, ինչն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով: Գասպարին շուրջ 15 րոպե տեւողությամբ աղմկել է եւ հայհոյել, խանգարել անցորդների եւ ներկաների հանգիստը: