Երեկ Ազգային ժողովի մեկնարկած աշնանային նստաշրջանի առաջին օրն անցավ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ելույթով և նրան ուղղված հարցերով: Վերջինս նախ ներկայացրեց իր ծրագիրը, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին:
Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը Դավթյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու 2008 թվականի մարտի 1-ին տասը սպանությունների բացահայտման համար:
«Նախ իմ մոտեցումը, ընդհանուր առմամբ, էն համընդհանուր ճշմարտությունն է, որ որպես կանոն՝ չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն: Գլխավոր դատախազ ընտրվելուց հետո իմ համար այդ գործի մանրամասն ուսումնասիրությունը և դրա բացահայտման, հանրությանը հետաքրքրող տեղեկատվության տրամադրման առումով իմ առաջնահերթություններից մեկն է սա լինելու»,- ի պատասխան` նշեց Դավթյանը, սակայն այս պատասխանը պատգամավորին չբավարարց և հստակ ժամանակահատված առաջարկեց.
«Պատրա՞ստ եք հինգ ամսվա ընթացքում գրավոր, մեր խմբակցությանը կամ խորհրդարանին ներկայացնել «Մարտի 1»-ի գործով ընթացքը և Ձեր մոտեցումները», – հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը: «Առկա տվյալները, որքանով որ քննության շահը թույլ կտա, ես Ձեզ խոստանում եմ էս պահին, որ էդքանով Դուք կտեղեկացվեք»,- արձագանքեց Դավթյանը:
ԲՀԿ խմբակցությունն էլ հետաքրքրվեց Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների ճակատագրից: Միքայել Մելքումյանը նշեց՝ այդ որոշումներով կառավարությունն արդեն իսկ պետական բյուջեից միլիոնավոր դրամներ է հատկացրել: Գլխավոր դատախազի թեկնածուն արձագանքեց. – «Ցանկացած մասնագիտական գրականության մեջ կգտնեք մի պարզ ճշմարտություն, որ դատական սխալները անխուսափելի են»:
Հավելենք, որ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցով քվեարկությունն Ազգային ժողովն ամենայն հավանականությամբ կիրականացնի այսօր:
Հավելենք, որ որպես բարեփոխումների առաջնային ուղղություններ՝ Դավթյանը բերեց կոռուպցիայի դեմ պայքարը, գլխավոր դատախազության գործունեության թափանցիկությունն ու համակարգի համալրումը երիտասարդ նոր կադրերով: