30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016թ. հունվարի 30-ին: Երեխային նույն օրը տեղափոխել են Երևան, իսկ 7 օր անց մահացել:
Մահացած նորածնի հայրը Մակար Անտոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի մահվան պատճառը բժշկական սխալն է եղել. «9 ամիս լռիվ նորմալ է եղել, վերջին օրերը տարել եմ կոնսուլտացիայի, այդ ժամանակ ճնշում է ունեցել, գինեկոլոգ քույրն ասել է, որ գլխավոր բժիշկը պետք է նայի, նա էլ նայել ու ասել է, որ ամեն ինչ կարգին է` տուն գնա: Եկել ենք տուն, վատ էր զգում, առավոտ շուտ գնացել ենք հիվանդանոց, մարդ չի եղել, որ ծննդաբերությունը նորմալ կատարվի»:
30-ամյա ծննդկան Սիմա Եփրեմյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, ավելին՝ կեսարյան հատման ցուցում նա չի ունեցել. «Երեխայի մահից հետո եկել ու ինձ ասում են՝ ինչու չէիր ասում, որ տղա է, հիմա ուզում եմ հարցնել՝ ի՞նչ կապ ունի, թե երեխան, տղա է, թե աղջիկ, նրա կյանքը պետք էր փրկել»:
Կնոջ խոսքով` քննիչներն անընդհատ ձգձգում են նիստի նշանակման օրը. «Ես զանգեցի քննիչին և ասացի, արդեն երկար ժամանակ է անցել, բայց ոչ մի արձագանք չկա, նրանք էլ խոստացան, որ առաջիկայում կնշանակվի առաջին դատական նիստը»:
Երեխայի ծնողները Արարատի մարզի Այգեստան գյուղից են, 2 դուստր ունեն, սպասում էին երրորդ երեխայի ծնվելուն, փոքրիկն արական սեռի էր:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հրավիրած հանդիպմանը չեն մասնակցել, նրանք կսպասեն մինչև գործը հասնի դատարան և հրապարակվի որոշումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բժիշկները չեն ընդունում իրենց ուղղված մեղադրանքները: