Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ.147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Մերօրյա հերոսի ծննդյան տարեդարձի օրը նրա անվամբ դասասենյակ անվանակոչվելու « Գիտակցված մահն անմահություն է» խորագրով հիշատակի ցերեկույթին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալը երախտիքի խոսք է հղել միջոցառման կազմակերպիչներին՝ հատկանշելով նման նախաձեռնությունների կարևորությունն ու այն պարտքի գիտակցումը, որը հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչներին ավելի ճանաչելի է դարձնում արցախյան հերոսամարտի մասնակիցներին ու նրանց գործը շարունակող մերօրյա հերոսներին, որոնցից մեկն էլ կյանքը հայրենիքին նվիրաբերած Ռոբերտ Աբաջյանն էր: Դավիթ Օհանյանը տոկունություն է մաղթել Ռոբերտի ծնողներին և հարազատներին` վստահեցնելով, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակում այսուհետ ևս սատարելու են հերոսաբար ընկած զինվորների ընտանիքներին`նրանց հոգսը հնարավորին թեթևացնելու համար:
Հիշատակի ցերեկույթին մասնակցել են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը, ՀՀ ՊՆ սպայական բարձրագույն կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու աշակերտներ: Հուշ-ցերեկույթի ընթացքում ռազմահայրենասիրական երգերով ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ սպայի տան «Զորական» երգի համույթը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վերհիշել են Ռոբերտ Աբաջյանի դպրոցական առօրյայի դրվագներ, ինչպես նաև գրական ակնարկ է ներկայացվել Ռոբերտի և նրա ծառայակից ընկերների`ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մղած հերոսական մարտից: Ռոբերտ Աբաջյանի կրտսեր սերնդակիցները երդվել են վառ պահել նրա հիշատակը և անհրաժեշտության դեպքում անձնվիրաբար ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ռոբերտ Աբաջյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասասենյակի բացման պատիվը վերապահվել է Ռոբերտ Աբաջյանի հորը` Ալեքսան Աբաջյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, ով սեփական միջոցներով իրականացրել է դասասենյակի նորոգումը: Ռոբերտ Աբաջյանի անվան դասասենյակում ներկաները ծաղիկներ են խոնարհել նրա անկյունին, դիտել մերօրյա հերոսի կյանքի մասին պատմող ցուցադրություն: