Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 7-ին ընդունել և պարգևատրել է ԱՀ և ՀՀ հանրային ծառայությունները, տնտեսական մրցակցությունը և հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտները կարգավորող հանձնաժողովների մի խումբ աշխատակիցների՝ դրանց ղեկավար կազմի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է ներկաներին՝ շնորհավորելով եռատոնի կապակցությամբ և մաղթելով նորանոր հաղթանակներով լեցուն ընթացք:
«Մայիսյան եռատոնն արցախյան տոնացույցում իր յուրօրինակ տեղն ունի, քանի որ Շուշիի ազատագրումը և Պաշտպանության բանակի ստեղծումը հիմք են դրել մեր հետագա հաղթանակների համար: Ուստի, այս տոնի առթիվ կուզեի շնորհակալություն հայտնել ՀՀ մեր գործընկերներին, ովքեր մեզ հետ միասին կառուցել են Արցախը, որը Հայաստանի մի մասն է՝ անկախ կարգավիճակով: Մենք համատեղ բավականին ճանապարհ ենք անցել Արցախի զարգացման ուղղությամբ՝ տասը տարում էականորեն բարելավելով էներգետիկ ու պարենային անվտանգության, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառներում հանրապետության ցուցանիշները»,- նշել է Ա. Հարությունյանը:
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը ամփոփ ներկայացրել է ԱՀ և ՀՀ մարմինների միջև համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները և բարձր գնահատել ՀՀ գործընկեր մարմինների ներդրումը Արցախի համապատասխան ոլորտների զարգացման գործում:
Ա. Հարությունյանը պարգևատրել է ՀՀ և ԱՀ հանրային ծառայությունը, տնտեսական մրցակցությունը և ռադիո-հեռուստատեսության ոլորտները կարգավորող մարմինների մի խումբ աշխատակիցների ԱՀ վարչապետի հուշամեդալով և պատվոգրով՝ հանձնաժողովների միջև համագործակցության կայացման, աջակցման և դրա շրջանակներում իրականացված միջոցառումներին ակտիվ մասնակցության համար:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունյաթյանը շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ջերմ ընդունելության և պարգևատրման համար: Նրանք բարձր են գնահատել Ա. Հարությունյանի ջանքերը գործընկեր մարմինների միջև համագործակցության կայացման և Արցախի զարգացման գործում: