Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ռուսական կողմի հրավերով Մոսկվայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցելու է առաջնության բացման արարողությանը եւ դիտելու առաջին` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե հայ քաղաքական գործիչները որքանով են հետաքրքրված այս մարզաձեւով, արդյոք հետեւելու են առաջնության ընթացքին եւ որ թիմերին են երկրպագում:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանով
-Ես կարող է մեկ կամ երկու քաղաքական գործչի հարցազրույց չհասցնեմ կարդալ, բայց աշխարհի, եվրոպայի եւ օլիմպիական խաղերին ուշադրությամբ հետեւում եմ: Կարծում եմ` աշխարհի առաջնությունը լինելու է ամենահետաքրքիր առաջնություններից մեկը: Ֆավորիտներն են Բրազիլիան, Արգենտինան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան: Նրանցից մեկը կդառնա հաղթող: Իսկ եթե ուրիշ թիմ հաղթի, դա սենսացիա կլինի: Ես կոնկրետ երկրպագում եմ Արգենտինային, քանի որ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավարն եմ, այնտեղ հաճախ եմ եղել, ունեմ շատ լավ ընկերներ, նաեւ` 86 թ. եղել եմ այն երեխաներից, ով հիացել է Դիեգո Մարադոնայի խաղով եւ ուրախացել Արգենտինայի չեմպիոնությամբ: Բացի այդ` հիանում եմ աշխարհի թիվ 1 ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի տաղանդով:
Սուրեն Պապիկյան` Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար
-Հետեւելու եմ: Երկրպագում եմ Իսպանիայի եւ Ֆրանսիայի հավաքականներին, ֆավորիտ են նաեւ Բելգիան ու Բրազիլիան:
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյան
-Խաղերին կհետեւեմ, որքան որ կհասցնեմ: Իսկ թիմերից երկրպագում եմ Բրազիլիայի եւ Իսպանիայի հավաքականներին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան
-Անպայման փորձելու եմ հետեւել առաջնության խաղերին: Ես երկրպագում եմ այն թիմերին, որտեղ ինձ համար ֆավորիտ ֆուտբոլիստները կան, օրինակ` Էդեն Ազարը, Ինիեստան, Մեսսին: Կարելի է անդրադառնալ նաեւ Իսպանիային: Իսկ ընդհանուր առմամբ ինձ հոգեհարազատ է Պրեմիեր լիգան:
ԱԺ «Ելք» խմբակցության քարուղար Գեւորգ Գորգիսյան
-Ես ֆուտբոլի նկատմամբ բացարձակ անտարբեր եմ: Ժամանակին աշխարհի առաջնությանը հետեւում էի, բայց վաղուց դրա ժամանակը չունեմ:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ