Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երկրորդ նիստը։ Ինչպես եւ առաջին նիստը, երեկվանը եւս դռնփակ է եղել, եւ հանձնաժողովի անդամները չեն ցանկանում բարձրաձայնել ներսի քննարկումները։ Ամեն դեպքում, նրանց խոսքով` այս փուլում դեռ ասելիք չկա, սակայն հանձնաժողովի աշխատանքները լայն փուլով առաջ են ընթանում։
Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մայիսի 20-ին: Խոսելով Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»` գործադիրի ղեկավարը նշել էր. «Հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամները Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամներն են, իսկ նախագահն էլ Անդրանիկ Քոչարյանն է: