ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տնտեսական հեղափոխություն ասվածը Հայաստանում արդեն սկսվել է, ու ցանկացած մարդ, որը խուսափել է հարկային պարտքերը կատարելուց, պետք է ենթարկվի պատասխանատվության:
-Պարո՛ն Առաքելյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր տնտեսական հեղափոխության մասին, սակայն ընդդիմադիրները հայտարարում են, որ այդ հեղափոխություն ասվածը ընդամենը հայտարարվել է, ու դրա համար իշխանությունները որեւէ բան չեն անում: Արդյոք որեւէ բան չի՞ արվում տնտեսությունում հեղափոխություն սկսելու համար:
-Քաղաքական հեղափոխությունների կամ իրադարձությունների մասին յուրաքանչյուրը կարող է իր մոտեցումներն ունենալ, եւ կառավարության այն մոտեցումը, որը դրված է ցանկացած հեղափոխության հիմքում, հեղափոխության առաջին իսկ պահից իրականացվում է: Ընդհանրապես, տնտեսության մեջ կատարվող իրադարձությունները ամենօրյա աշխատանք են, այսինքն` կոնկրետ ֆիքսել մի իրադարձություն, որ սա պետք է տեղի ունենա, որ ասենք` մենք հասել ենք տնտեսական հեղափոխության, թե ոչ, այդպես չէ: Կառավարությունն իր քայլերով արդեն իրականացրել է բազմաթիվ փոփոխություններ, որոնք հենց տնտեսական հեղափոխության հիմք են հանդիսանում: Եթե հետ գնանք այս տասնամյակների ընթացքում ստեղծած իրավիճակին, որը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, դա համակարգային կոռուպցիան էր, իշխանության եւ բիզնեսի էական սերտաճումը, նաեւ տնտեսության մեջ օրենքի թերի կամ շատ հաճախ խնդրահարույց կիրառումը: Եվ այս պահին մենք կարող ենք ֆիսքել, որ իշխանությունը եւ բիզնեսը ամբողջովին տարանջատված են: Յուրաքանչյուր ոք գործող օրենքների շրջանակներում լիարժեք հնարավորություն ունի բիզնեսով զբաղվելու, չկան արտոնյալներ: Իհարկե, այս պահին դեռեւս մնացել են որոշ խնդիրներ, խոչընդոտներ, որոնք նույնպես կառավարության գործողությունների կազմակերպման արդյունքում վերացվում են: Եվ նաեւ քայլեր են իրականացվում օրենսդրության փոփոխության, որովհետեւ, այո, միայն օրենքի գերակայությունը բավարար չէ մեծ հաջողությունների հասնելու: Օրինակ` առաջին կարեւորագույն քայլը Հարկային օրենսգրքի փոփոխությունն է, որ, կարծում եմ, արդեն մեկ ամիս հետո իրականություն կդառնա ոչ ամբողջությամբ, քանի որ դրանք փոփոխությունների առաջին փուլն են, բայց արդեն տնտեսության մեջ հնարավորություն կտան հաջորդ տարվանից, քանի որ այդ փոփոխությունների մի մասը հաջորդ տարվանից է ուժի մեջ մտնելու: Արդեն հաջորդ տարվանից մի քայլ ավելի առաջ կգնանք այդ բարեփոխումները տեսնելու հարցում:
-Հենց ընդդիմությունը նշում է, որ եթե չլինի օրենսդրական փոփոխություն, ապա վարչապետի հայտարարությունը կմնա օդում կախված:
-Եթե խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է, ապա խորհրդարանական ուժերը լիարժեք հնարավորություն ու պարտավորություն ունեն օրեսդրական նախաձեռնությամբ հանդես գալու: Եթե մեր ընդդիմադիր գործընկերները ունեն օրենսդրական առաջարկներ, որոնք կնպաստեն տնտեսության է՛լ ավելի լավ բարեփոխումների, կառավարությունը միշտ բաց է քննարկելու եւ աջակցելու օրենսդրական նախաձեռնությանը: Մեր հիմնական նպատակը նաեւ կառավարության որոշումների շրջանակներում հենց նաեւ բարենպաստ օրենսդրական դաշտ եւ բիզնես միջավայրի ստեղծումն է ե՛ւ գործող բիզնեսմենների համար, ե՛ւ նոր ներդրողների համար:
-Բայց, ըստ ընդդիմության, իշխանությունները իրենց գործելաոճով ճնշում են Հայաստանում գոյություն ունեցող բիզնեսների վրա, որը վերաբերում է նաեւ «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորմանը: Չե՞ք կարծում, որ տնտեսության զարգացումը պետք է լինի նման ընկերությունների աշխատանքով, եւ ոչ թե նրանց ճնշմամբ:
-Որեւիցե ընկերության նկատմամբ որեւիցե քաղաքական ճնշում չկա, որեւիցե ընկերություն չի կարող այլեւս լինել օրենքի առջեւ արտոնյալ, օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ այդ տեսանկյունից, անկախ նրանից, թե որ գործունեությունը ինչ է անում, ինչ աշխատանքով է զբաղվում, հավասարապես օրենքի առջեւ պատասխանատու է: Եթե կան օրենքի առջեւ խնդիրներ, չվճարված հարկեր, դա անքննարկելի է, եւ չկա տնտեսական այլ գործոն, որը կարող է գերակայել եւ հնարավորություն տալ խուսափելու մարդկանց հարկեր վճարելուց: Եթե նախկինում եղել են արտոնյալներ եւ, այսպես ասած, «չսիրելի» գործարարներ, ապա ներկայիս իշխանության համար բոլորը հավասար դաշտում են, ու բոլորի համար գլխավոր գործընկերը օրենքն է: Բոլոր ընկերություններն էլ մեզ համար կարեւոր են, բայց, նորից եմ կրկնում, որեւէ բարի նպատակ չի կարող լինել առաջնային, քան պետությանը հարկերը վճարելը: Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի յուրաքանչյուր տնտեսվարող հնարավորություն ունենա օրենքի շրջանակներում իր բիզնես շահերը պաշտպանել եւ օգուտ ստանալ:
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՍԿԱՆԴԱԼԸ
Մի քանի օր է` լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է:
Թեպետ երկուսն էլ հերքում են այս լուրերը, սակայն, շատերի պնդմամբ, իրականությունն այլ բանի մասին է խոսում։ Նախ` Արգիշտի Քյարամյանը իր պաշտոնական կենսագրությունում հայրանունը նշել է Էլբեկի։ Մամուլում հրապարակվեց այն մասին, որ, ՀՀ կենտրոնական ընտրական կայքի ընտրողների ռեգիստրի տվյալներով, Հայաստանում Արգիշտի Քյարամյան անուն-ազգանունով ընդամենը մի հոգի կա, որի հայրանունը Էլբեկ է։ Էլբեկ Քյարամյան անուն-ազգանունը որոնելիս ԿԸՀ պաշտոնական կայքը կրկին մեկ տվյալ ցույց տվեց՝ Էլբեկ Երեմի Քյարամյան, գրանցման հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Երանոս։ Նշենք, որ Մայր Աթոռի պաշտոնական կայքում նշված է, որ Առաքել եպիսկոպոսը ծնվել է հենց Երանոս համայնքում։
Բացի այդ՝ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Էլբեկ Քյարամյանը Աբովյանի պատվավոր քաղաքացի է, իսկ Orthodoxia.ch կայքում նշված են Առաքել եպիսկոպոսի կամ Էլբեկ Քյարամյանի տվյալները, որտեղ կա նաեւ կոնտակտային հեռախոսահամար, եւ դա, իմիջիայլոց, Կոտայքի թեմի հեռախոսահամարներից մեկն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոգեւորականների հետ կապված նմանատիպ սկանդալների ի հայտ գալը նախօրոք ծրագրված է` շատ ավելի կարեւոր հարցերից եւ անձանցից հասարակության ուշադրությունը շեղելու համար: Մի քանի շաբաթ առաջ էլ համացանցում տարածվեց Վիրահայոց թեմի արդեն նախկին առաջնորդ Վազգեն սրբազանի հետ կապված սկանդալը, որում նշված էր, որ վերջինս արտաամուսնական կապի մեջ է եղել հոգեւորականներից մեկի կնոջ հետ: Այս սկանդալը դեռ վաղուց էր հայտնի հասարակությանը, եւ պատահական չէ, որ այն նոր թափով հասունացավ այն ժամանակ, երբ որ սրբազանը հայտարարեց, որ որոշել է թողնել թեմը եւ հետ գալ Էջմիածին:
Բանն այն է, որ կաթողիկոսը այս թեմի համար մեկ ուրիշին է պատրաստում: Ըստ մեր հավաստի աղբյուրների` Վիրահայոց թեմի առաջնորդը լինելու է վեհափառին մշտապես պաշտպանող Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Եւ այս առումով էլ պատահական չէր վերջինիս Ջավախք ուղարկելու կաթողիկոսի որոշումը: Ի դեպ, Առաքել սրբազանը Վազգեն սրբազանի մտերիմ ընկերն է: Սակայն այս ամենով խաղը դեռ չի ավարտվելու: Մեր աղբյուրների պնդմամբ` հաջորդիվ ուղղորդված սկանդալների կենտրոնում լինելու են Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը եւ Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՄՈԳԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԸ
Արգիշտի Քյարամյանը, որ երեկ նշանակվել է ՊՎԾ ղեկավարի ԺՊ, ի վերջո, հանրությանը պատմել է, թե ինչպես է հարստացել: Պարզվում է` դրամական միջոցների մի զգալի մասը նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին գնում կատարելու նպատակով, բայց ինքը հետագայում այդ գնումը չի կատարել: Դրամական միջոցների մի մասն էլ ձեւավորվել է Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականների եւ իր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից: Թեեւ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարն իրավիճակից դուրս գալու համար փորձել է արդարանալ, սակայն իրավիճակն ավելի է վատթարացել: Ստացվում է՝ Քյարամյանը պարզապես իր ազգականների հաշվին է ապրել: Եւ իր ազգականների հաշվին ոչ միայն ապրել է, այլեւ միլիոններ կուտակել: Քյարամյանը, ինչպես հայտնի է, ըստ հայտարարագրի, ունի 32 մլն դրամ, 48 հազար դոլար է կուտակել ու դարձել միլիոնատեր: Հասարակությունը սովորաբար նման կերպ ունեցվածք դիզողներին միանգամայն այլ որակավորում է տալիս, բայց մենք ձեռնպահ կմնանք դա բարձրաձայնելուց:
Մյուս տարօրինակ զուգադիպությունը. այս պաշտոնում սովորաբար նշանակվում են մարդիկ, որոնք ազգականների միլիոնավոր դրամների նվիրատվություններով են «յոլա գնում»: Նախագահի Վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը` Հովհաննես Հովսեփյանը եւս ողջ ունեցվածքը կուտակել էր բարեկամների նվիրատվություններով: Ավելին, ինքն էլ այն ժամանակ ասում էր, որ եղբայրն է իրեն գումար տալիս: Հավանաբար, այս պաշտոնի մոգական ուժն ուրիշ է:
ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵ՞Լ ԵՆ
Ինչպես հայտնի է, մարտի 30-ին ԱԱԾ-ն կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել էր առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին, եւ հիմա նա գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրել նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Վերջինս հարցաքննության ժամանակ հայտնել է, որ տեղյակ չի եղել այդ ամենից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանից, որը հայտնեց, թե որեւէ տեղեկություն չունի` դրա հետ կապված, եւ մեր հարցին չի կարող պատասխանել:
ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԻ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ դատարան հայց է ներկայացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի ապրիլի 25-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Մելքոն Տալոյանը եւ պահանջում է ստիպել մարզպետին եւ «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին վերականգնել նախկին աշխատանքում` վճարելով մինչ այդ չվճարված աշխատավարձն ու տուգանքի գումարները: