Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Հիմնավորված է, որ այս ծրագրի անհրաժեշտությունը կապված է լճի եւ դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ:
Ընդ որում, կառավարության կողմից յուրաքանչյուր տարի է հաստատվում «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը»: Ըստ այդ ծրագրի` ներկայումս առաջնային են Սեւանա լճի մակարդակի բարձրացման եւ նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության եւ կառավարման հարցերը: Ծրագրով նախատեսվում է 2020 թվականին իրականացնել «Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելավում, որը ենթադրում է պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում:
Բացի այդ, պետք է իրականացվի Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի մոնիթորինգ, Սեւանա լճի շրջակայքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ, ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում եւ այլ աշխատանքներ: Ծրագրի հանրային քննարկումը կտեւի 15 օր, որից հետո կուղարկվի կառավարություն: