Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպման հետքերով. ինչու են լռում իմքայլականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հենց կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, ընդ որում` վերջինիս նախաձեռնությամբ: Եվ հետաքրքիր է, որ հանդիպման մասին շտապել է հայտարարություն անել ՀՀԿ-ի մամուլի ծառայությունը, իսկ երեկվա դրությամբ դեռ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում չգտանք հանդիպման մասին որեւէ տեղեկություն:

Ինչեւէ, ՀՀԿ մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Ես արժեւորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ»։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի դեսպանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով եւ հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն:

Եվ հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ էր ԱՄՆ դեսպանը հանդիպում Սերժ Սարգսյանին: Եվ հետաքրքիր է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կամ իշխանության այլ ներկայացուցիչների կողմից որեւէ քննադատական խոսք չհնչեց` կապված ԱՄՆ դեսպանի հանդիպման հետ:

Ավելին, օրենսդիր մարմնի տարբեր ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում եւ, ինչու չէ, նաեւ հարցազրույցներում շտապում էին հայտարարել եւ արդարանալ, թե տարբեր դեսպաններ մշտապես հանդիպում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ չէին շտապում սա նշանակալից դրվագ համարել: Այսինքն` «Իմ քայլ»-ում սա համարում են դեսպանի սովորական հանդիպում կուսակցության հետ: Սակայն նկատենք, որ սա կոնկրետ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի` իր նշանակման պահից ի վեր (դեսպանի պարտականությունները ստանձնել է այս տարվա փետրվարին-խմբ.) առաջին հանդիպումն էր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

Իհարկե, կարելի էր սպասել, որ առաջին հանդիպումը պետք է լիներ մի ուժի ղեկավարի հետ, որը երկար տարիներ Հայաստանում իշխանության է եղել: Սակայն այս պարագայում զարմանալի է իմքայլականների արձագանքը, երբ նույն հաջողությամբ ընդամենը ամիսներ առաջ` հունիսին, իշխանության ներկայացուցիչները միաձայն քննադատում էին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու համար: Եվ նույն հաջողությամբ Քոչարյանը եւս քաղաքական սուբյեկտ է, որը երկար տարիներ եղել է իշխանության, եւ այս պարագայում դեսպանի հանդիպումը եւս կարող էր դիտարկվել այդ կոնտեքստում, սակայն պարզվում է` ոչ:

Օրինակ,նույն հունիսին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե չի ողջունում Կոպիրկինի հանդիպումը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Ես չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը։ Ի վերջո, որեւէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից», – ասել էր Միրզոյանը: Այսինքն, ՀՀ ԱԺ նախագահը Քոչարյանին չի համարել քաղաքական գործիչ եւ նրան այդ պահին դիտարկել է միայն որպես «Մարտի 1»-ի գործող մեղադրյալ:

Սակայն ՌԴ դեսպանի եւ Քոչարյանի հանդիպումից հետո իշխանության ներկայացուցիչները չէին սահմանափակվել միայն հարցազրույցների մակարդակով: ՌԴ դեսպանը հանդիպումից հետո մի քանի օր անց հրավիրվել էր ԱԳՆ, որտեղ դեսպանի հետտեղի էր ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: ՀՀ-ում ՌԴ դեսպանն ինքը որեւէ վատ բան չէրտեսել հանդիպման մեջ եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւսնշել էր, թե Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը կայացել է իր պարբերական հանդիպումների շրջանակում։

Եվ ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո իմքայլականների կողմից նման աղմուկ չբարձրացավ, եւ, ավելին, նրանք սա համարում են նորմալ երեւույթ` այն դիտարկելով քաղաքական հանդիպումների շրջանակներում, ինչը, սակայն, Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի պարագայում բացակայում էր: Սակայն հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նաեւ նշել էր. «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս