«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ԹԵՐԹԻ 2945 ՀԱՄԱՐԸ

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի պրոդյուսերներից Անի Որսկանյանը հուլիսի 8-ին Փարաջանովի 100-ամյակի առթիվ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցած փակ ցուցադրության ժամանակ, անդրադառնալով ֆիլմի ստեղծման ճանապարհին` նշեց.   «Այս ֆիլմն իրականություն դարձավ մեր յուրահատուկ թիմի, նրանց յուրահատուկ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաեւ այն մարդկանց շնորհիվ, ովքեր միշտ ֆիլմի կողքին էին: Շնորհակալ ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնին, ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաեւ Սերգեյ Փարանջանովի անվան տուն-թանգարանի ամբողջ անձնակազմին: Այս բոլոր մարդկանց եւ թիմերի շնորհիվ ունենք նման վավերագրական ֆիլմ, որն էլ նվիրում ենք Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին»: Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիան: Նախքան ցուցադրությունը` շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ ֆիլմի հեղինակ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Զառա Ջյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր 9 հերոսներին եւ ասաց, որ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Փարաջանովն է: Տարբեր սերունդների մշակութային գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից՝ Հայաստան, Սերբիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Լատվիա, Կանադա։ Ընդհանուր գաղափարների, նպատակների եւ լուծումների որոնում` տարբեր բարիկադներում գտնվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի եւ ստեղծագործության միջոցով եւ հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը եւ պատերազմները ազդում մշակույթի եւ մշակութային գործիչների վրա, որն է, գուցե միակ ճիշտ ընտրությունը տոքսիկ իրականության պայմաններում եւ այլն: Կյանքն ու ստեղծագործելը գոյություն ունեն՝ չնայած արգելքներին եւ բռնապետություններին: Փարաջանովն աշխարհահռչակ էր. նա մինչ օրս նշաձող եւ օրինակ է: Մեծ է նաեւ այս ֆիլմի աշխարհագրությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում եւ Գերմանիայում, Սերբիայում՝ 2023-ի հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023-ի օգոստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, …