ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱԿՑԻԱՆ՝ ԱԺ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ քաղաքական ակցիա իրականացրեց խորհրդարանում: Նախ իր ելույթի ընթացքում, որի ժամանակ դահլիճում նստած էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թագուհի Թովմասյանը ներկայացրեց այս իշխանությունների բացթողումներն ու թերությունները՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ: «Արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է եւ անխղճությունը, Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել: Դուք ձախողել եք ամեն ինչ եւ ամենուր»: Թովմասյանը նաեւ, Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով, մի քանի օրինակներով հանրայնացրեց, թե ինչպես է ստել Նիկոլ Փաշինյանը վերջին 5 տարիների ընթավքում. «Ձեր ստելու լիմիտը սպառել եք»: Արդեն Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ, երբ նա չէր իջնում ամբիոնից, Նիկոլ Փաշինյանին մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ մեկուսացրին դահլիճից:

 

 

 

 

Երեկ Ազգային ժողովում թեեւ անհարկի ակտիվություն էր ցուցաբերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն իրականում նրան ղեկավարում էր փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա էր հուշում ու հրահանգներ տալիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ, երբ հայտարարեց, որ ամբիոնից չի իջնելու, Ռուբինյանը, ձեռքով հրելով Ալեն Սիմոնյանին, հրահանգեց անջատել խոսափողը: Սիմոնյանը բարձրաձայն ասաց՝ անջատե՛ք խոսափողը, ապա նույն ձեռքի հրահանգով ընդմիջում հայտարարեց Ալեն Սիմոնյանը: Երբ, ոգեւորված ազատագրված ամբիոնի փաստից, նկատողություն ստացած  պատգամավորների անուններն էր փորձում հրապարակել, դարձյալ նրան ցուցակ փոխանցեց Ռուբինյանը: Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի հրահանգներով է շարժվում եւ փաստացի դրածո է խորհրդարանում, իսկ իրական ԱԺ նախագահը Ռուբեն Ռուբինյանն է, որ նստած տեղից երեկ ողջ ընթացքում չբարձրացավ, նաեւ՝ այն ժամանակ, երբ թեժ իրավիճակում Նիկոլ Փաշինյանին մեկուսացրին։

 

 

 

 

 

ՀՀ  քննչական կոմիտեում Ջալալ  Հարությունյանի  դեմ հարուցված  քրեական  գործով 6-ամսյա ժամկետը  լրանում  է, ուստի  նախաքննական  մարմինը  քրեական  դատավարության  օրենսգրքով այլընտրանք  չունի  եւ մինչեւ  մայիսի  20-ը  պետք է քրեական գործով  նախաքննության ավարտ  հայտարարի  եւ գործը  դատարան  ուղարկի: Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով էլ նշվում է, թե հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։

 

 

 

 

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործը Հակակոռուպցիոն դատարան  ուղարկելուց  հետո իրավապահ  մարմինները  նրա  կնոջը  թույլ  են  տվել  տեսակցել ամուսնուն։ Մինչ օրս որեւէ  հարազատ  չէր կարողացել  նրան  տեսնել։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը եւ 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս մնում է կալանքի տակ:




Լրահոս