«ՄԱՐԴԻԿ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ԿԱՐՄՐՈՒՄ ԵՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել է այնպիսի թաղամասերում, որտեղ մարդիկ անգամ իրենց թաղապետերին չեն ճանաչում: «Ի՞նչն է պատճառը, թագավո՞ր են, ի՞նչ են, թող գնան, ժողովրդի հետ հանդիպեն ու այդ հարցերը կարգավորեն»,-հայտարարեց Երիցյանը:
 -Պարո՛ն Երիցյան, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի ցուցակը գլխավորելու որոշումը Ձե՞րն էր, թե՞ Դուք կատարում եք կուսակցական որոշումը:
-Ինձ առաջարկեցին, որ ես լինեմ ցուցակի առաջին համարը: Ճիշտն ասած` սկզբնական փուլում չէի համաձայնում, քանի որ ես արտակարգ իրավիճակների նախարարությունում բազմաթիվ անելիքներ ունեմ: Բայց մենք կուսակցությունում այդ հարցը երկար քննարկեցինք, հետո մտածեցի՝ եթե կուսակցությունն ուզում է, իմ ընկերները խնդրում են… համաձայնեցի, քանի որ կարծում եմ՝ ես այսօր շատ անելիքներ ունեմ Երեւան քաղաքի համար:
-Կարելի՞ է ասել, որ Ձեր կուսակցությունում եւս ՀՅԴ-ի «բարքերն» են, քանի որ, ինչպես հիշում ենք դաշնակցականների հավաստիացումներից, եթե «Դաշնակցություն»-ում որոշում են, որ իրենց կուսակցության անդամը պետք է լողի չեմպիոն դառնա, ապա նա պետք է դառնա:
-ՕԵԿ-ում մարդիկ իրենք են որոշում կայացնում, ես անհատ եմ, ու իմ փոխարեն ոչ ոք չի կարող որոշում կայացնել: Դա ուրիշ բան է, երբ ինչ-որ հարցի հետ կապված առաջարկ է ներկայացվում ու քննարկվում:
-Ձեր կարծիքով՝ ՕԵԿ-ի ցուցակը գլխավորելու արդյունքում Ձեր հեղինակությունը բարձրացե՞լ է, թե՞ իջել:
-Դա Դուք պետք է ասեք, դա կերեւա ավագանու ընտրությունների ավարտից հետո:
-Տեսակետ կա, որ եթե Դուք ՕԵԿ-ի ցուցակը չգլխավորեիք, ՕԵԿ-ական չլինեիք, Ձեր հաղթանակի հավանականությունը շատ ավելի մեծ կլիներ: Ի՞նչ կասեք:
-Չէ՛, գիտեք ինչ կա, այսօր կա զանգված, որ ՕԵԿ-ին է համակրում, կան ԲՀԿ-ին համակրողներ եւ այլն: ՕԵԿ-ն այսօր ունի տասնյակ հազարավոր անդամներ, մարդիկ, ովքեր մեզ հարգում են, հավատում են, ու կարծում եմ, որ բոլոր կուսակցություններում էլ կան ե՛ւ լավերը, ե՛ւ վատերը: Ժողովուրդը պետք է հավատա ե՛ւ ինձ, ե՛ւ իմ կուսակցությանը:
-Բայց ժամանակին մարդիկ հավատացին, իսկ ՕԵԿ-ը խաբեց ու հիասթափեցրեց ժողովրդին:
-Կարող է` կա մի զանգված, որը չի հավատում ՕԵԿ-ին, կարող է` ինչ-որ բացթողումներ են եղել, դա բոլոր կուսակցություններում էլ լինում է: Բայց ես ցանկանում եմ իմ անձով էլ ներկայանալ ժողովրդին ու ասել, թե ինչ եմ պատրաստվում անել Երեւանի համար: Այսօր պետք է կուսակցությունները դնենք մի կողմ, պետք է երեւանցիներով ընտրենք մի մարդու, որը պատրաստ է իր կյանքն ու առողջությունը ներդնել հանուն Երեւանի:
-Ըստ սոցհարցումների՝ ներկայում ՕԵԿ-ի վարկանիշը շատ ցածր է: Հիմա Ձեր կուսակցությունը քաղցրավենիքի քանի՞ տեսակ է բաժանելու, որպեսզի իր հեղինակությունը բարձրանա: Բոլորին է հայտնի, որ ՕԵԿ-ն ընտրություններից առաջ ջեմ, մուրաբա եւ նման այլ բարիքներ է բաժանում ժողովրդին:
-Ես կարծում եմ, որ Դուք ինքներդ էլ չեք հավատում այդ տեղեկություններին, մենք ո՛չ բաժանել ենք, ո՛չ էլ բաժանելու ենք: Պետք է այնպես անենք, որ մարդիկ տեսնեն, հավատան մեր ծրագրերին:
-Այնպիսի տպավորություն է, որ Դուք ոչ թե քաղաքապետ ընտրվելու համար եք քարոզարշավ իրականացնում, այլ նախարարի պաշտոնում վերանշանակվելու ուղղությամբ եք ավելի շատ ջանքեր գործադրում, քանի որ մշտապես հիշատակում եք ԱԻՆ-ն ու այնտեղ Ձեր կատարած աշխատանքները:
-Ես զուգահեռներ եմ անցկացնում՝ իմ նախարարությունը որտեղ է եղել, հիմա որտեղ է: Հիմա տեսե՛ք, ժողովուրդն ինձ ասում է` խողովակները կոտրված են, ինչո՞ւ չեք նորոգում, ես տեղյակ չեմ այդ խողովակներից, հասկանո՞ւմ եք: Ինձ ասում են՝ պոլիկլինիկա չունենք, ես էլ ասում եմ, որ ես իմ նախարարությունում ունեմ, ստեղծել եմ իմ նախարարության համար, բայց կարող եմ նաեւ Երեւանի համար անել: Իսկ որպես երեւանցի՝ ինձ համար շատ դժվար է նման բաներ լսել բնակիչներից, ես ուզում եմ մի բան անել Երեւանի համար, որպեսզի վաղը, մյուս օրը իմ երեխաները ինձ չասեն` ի՞նչ ես արել քո քաղաքի համար: Թոռներս կասեն` պապի՛կ, դու ի՞նչ ես արել մեզ համար: Եթե ուզում եք իմանալ, ամենադժվարն ինձ համար է լինելու, որովհետեւ ես ոչ թե թույլիկ եմ` չեմ կարող անել, ես գիտեմ, խորանալու եմ, ընկնելու եմ պրոբլեմների մեջ: Բայց ասեմ՝ մյուսներն ավելի շատ են ընկնելու պրոբլեմների մեջ: Հանդիպումների ընթացքում մարդիկ այնպիսի հարցեր են տալիս, որ ինքդ ես կարմրում, թե ինչու այդ հարցը լուծված չէ: Կան թաղամասեր, որտեղ մարդիկ իրենց թաղապետերին ընդհանրապես չեն տեսել: Ի՞նչն է պատճառը, թագավո՞ր են, ի՞նչ են, թող գնան, ժողովրդի հետ հանդիպեն ու այդ հարցերը կարգավորեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս