ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԱՅՆ ԺՊՏԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 18:30-ից, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում իրարանցում էր: Բոլոր ՀՀԿ-ականները լուրջ դեմքերով շտապում էին գրասենյակ՝ որոշելու մեր երկրի գործադիր կազմի ապագան: Իսկ ՀՀԿ-ականներից ոմանք էլ տարբեր «անկյուններում» զրուցում էին, ինչ-որ բան պայմանավորվում, նոր մտնում գրասենյակ: Բոլոր մարզպետերը, նախարարների պաշտոնակատարները, պատգամավորները եւ ՀՀԿ անդամները հրաժարվում էին որեւէ բան խոսել: Արդեն ժամը 19:30-ին ժամանեցին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստին ներկա չէր, անձնական գործերով մեկնել էր Մոսկվա:
Մոտ մեկուկես ժամ տեւած նիստի ավարտից հետո բոլոր ՀՀԿ-ականները գրասենյակից դուրս էին գալիս ժպիտով ու արագ քայլերով հեռանում: «Ժողովուրդ»-ը փորձեց նրանցից պարզել, թե ինչ են քննարկել նիստի ժամանակ, սակայն վերջիններս հրաժարվում էին ասել: Միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզպետերը մի քանի բառով նշեցին նիստի ընթացքում իրենց քննարկած թեման: «Զրուցում էինք: Վարչապետի թեկնածության հարցն էր քննարկվում, խորհուրդն իր համաձայնությունը տվեց, որ երկրի նախագահը Տիգրան Սարգսյանին նշանակի վարչապետ, էսքան բան»,-նշեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Իսկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն էլ ասաց. «Վարչապետն իր տեղում աշխատելու է, կառավարության կազմն էլ մյուս նիստին կքննարկենք: Վարչապետն ընդհանրապես խնդիր չունի, ցանկացողները թող ուրախանան, չցանկացողներն էլ թող համբերությամբ սպասեն»:
Այնուհետեւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ինչպես յուրաքանչյուր կառավարություն, այս կառավարությունը եւս ունեցել է իր բացթողումները, բայց հիմնականում Տ. Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել էական մարտահրավերները. «2012թ. նախագահը հստակ խնդիր էր դրել, որ տնտեսական աճը լինի ոչ պակաս, քան 7 տոկոս, եւ բոլոր խնդիրներով հանդերձ, Տ. Սարգսյանին դա հաջողվեց: Այս անգամ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում խնդիր է դրվել, որ թե՛ սոցիալական քաղաքականության առումով, թե՛ արտագաղթի կանխարգելման, թե՛ տնտեսական աճի եւ նոր աշխատատեղերի առումով կառավարությունը շատ ավելի արդյունավետ պետք է աշխատի: Այս անգամ եւս նախագահը խնդիր է դրել վարչապետի առջեւ, որ տնտեսական աճը 7 տոկոսից պակաս չլինի»:
Իսկ ԲՀԿ-ականների այն դիտարկմանը, թե վարչապետի վերանշանակումը ապտակ կլինի մեր հասարակության համար, ՀՀԿ մամլո խոսնակն ասաց. «Աշխարհի յուրաքանչյուր երկրում քաղաքական ընդդիմության գործառույթներից մեկը խիստ քննադատելն է քաղաքական իշխանությանը, եւ մեր երկիրը բացառություն չէ: Այո՛, մենք ասում ենք, որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց Տ. Սարգսյանի կառավարությանը հաջողվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներից հետո ապահովել որոշակի աճ, եւ մենք հավատում ենք, որ թե՛ Տ. Սարգսյանի փորձառությունը, թե՛ մեր թիմի միասնական աշխատանքը հասարակության հետ միասին կարող են ունենալ շատ ավելի լավ արդյունքներ»:
Էդ. Շարմազանովը հավելեց նաեւ, որ քննարկվել է պաշտպանության ե արտաքին գործերի նախարարների հարցը: ՀՀԿ նախագահ առաջարկել է, որ նշված պաշտոններում շարունակեն պաշտոնավարել Սեյրան Օհանյանն եւ Էդվարդ Նալբանդյանը:  Փաստորեն, Էդ. Նալբանդյանին չի հաջողվել համոզել Ս. Սարգսյանին, որպեսզի իրեն նշանակի Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Հիշեցնենք, որ մենք բազմաթիվ անգամ գրել ենք, որ Էդ. Նալբանդյանի ընտանիքն ապրում է արտերկրում, այդ իսկ պատճառով Նալբանդյանն ամեն ինչ անում է, որպեսզի հեռանա Հայաստանից՝ ընտանիքի կողքին լինելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս