«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն անանուն նամակ է ստացել, որտեղ ներկայացված են քաղաքացիական տարբեր գործեր, որոնք գտնվում են դատարանում: Այդ բոլոր գործերի գլխավոր «հերոսը» ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախկին անդամ Նորայր Մովսիսյանն է: Մեզ ուղարկված նամակում նշված է, որ Նորայր Մովսիսյանը խարդախությամբ խաբել է տարբեր քաղաքացիների եւ ներկա պաշտոնյանների: Նա շատ շատերից մեծ-մեծ գումարներ է վերցրել` ինչ-որ «գործերի» մեջ դնելու համար, այնուհետեւ «անհետացել»` այդ գումարները ըստ էության, գրպանելով: Ի դեպ, Նորայր Մովսիսյանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինն է: Նրանք տարիներ առաջ ամուսնալուծվել են:
Եւ այսպես, ըստ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկության, տարիներ առաջ պատգամավոր Անի Սամսոնյանը եւ իր ամուսին Նորայր Մովսիսյանը իրենց մտերիմների հետ հանդիպումներ են ունեցել, ներկայացրել են, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պետք է ընդամնեը գումար ներդնել ու կրկնակի գումար վաստակել: Նորայր Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու: Այսինքն` ներդրումներն ինքն է կատարելու, ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու ու այդպես գումարները իր մոտ է հավաքել: Մովսիսյանի շրջապատի մարդիկ վստահելով նրան, քանի որ վերջինս լինելով Արզումայանի օգնականը, նախ վստահություն է ներշնչել, ինչպես նաեւ Մովսիսյանը փայլել է իր խելացիությամբ:
Նշենք, որ ըստ միջազգային չափանիշների, թրեյդերի կարևոր որակներից մեկը համառությունն է: Բոլոր հաջողակ թրեյդերները անցել են մի շարք անհաջողությունների միջով և հետագայում ասել կամ գրել են իրենց հուշերում, որ մեծ ցանկություն ունեն ֆինանսական շուկայում հասնել իրենց ցանկացած արդյունքին: Սակայն Մովսիսյանին չի հաջողվել հասնել հաջողությունների ու նա ստիպված է եղել հեռանալ Հայաստանից՝ ապաստանելով Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ մարդկանցից հավաքած գումարները անհետ կորել են ու հույս էլ չկա, որ կվերադարձնեն: Մենք տեղեկացանք, որ նախկին օգնականից «տուժածները» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն է, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի շատ աշխատակիցներ, որոնց հետ ժամանակին աշխատել եւ մտերիմ է եղել Մովսիյանը, ինչպես նաեւ նախկին ու ներկա խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ: Այսինքն մի քանի տասնյակից ավել անձինք Մովսիսյանի «զոհն» են դարձել: Մեզ ուղարկված նամակում, մի քանի անգամ շեշտվում է, որ գրեթե բոլոր «գործարքների» ժամանակ անձամբ ներկա է եղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նշվում է, որ այժմ քաղաքացիական գործ է ընթանում Հրաչյա Դանիելյանի, Սերգեյ Խաչատրյանի, Տիգրան Ճորոխյանի, հայցերով, որոնք դատարանը բավարարել է դեռեւս 2017 թվականին ու Նորայր Մովսիյանին պարտադրել է Ճորոխյանին վերադարձնել 7 միլիոն դրամ: Ինչպես նաեւ քաղաքացիական գործով դատական հայց են ներկայացրել նաեւ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն, ինչպես նաեւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որոնք եւս դատարանը բավարարել է` պահանջելով Մովսիսյանից բռնագանձել «գլորիկ» գումարներ: Նամակում նշվում է նաեւ, որ կան այլ քաղաքացիներ էլ, որոնք տուժել են Մովսիսյանի գործողություններից, ովքեր իրավապահ համակարգին չեն դիմել, հույս ունենալով իրենց ուժերով գտնել նրան եւ ստանալ գումարները: Ըստ շրջանառվող տեղեկությունների Նորայր Մովսիսյանը հետախուզվում է ու գրեթե բոլորի հետ Հայաստանում կտրել է իր կապը: Հավելենք, որ ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանի հետ եւս նախկին ամուսինը իր բոլոր հարաբերությունները «սառեցրել» է, որեւէ շփում չունի:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ