Մեքսիկայի Գերերո նահանգի նախկին նահանգապետ Անխել Ագիրեին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին անհետացած 43 ուսանողների գործով։ Գործը տարիներ շարունակ համարվում է Մեքսիկայում կարտելային բռնության և պետական անպատժելիության խորհրդանիշ։
Ագիրեն, որը ձերբակալվել էր անցած շաբաթ, մեղադրվում է հարկադիր անհետացման և արդարադատությանը խոչընդոտելու մեջ։ Քննության համաձայն՝ նա հրահանգել էր ոչնչացնել տեսախցիկների տեսագրությունները, որոնք կարող էին տեղեկություններ պարունակել ուսանողների անհետացման հանգամանքների մասին։
Դատարանը բավարար է համարել մեղադրանքը հիմնավորող ապացույցները և որոշել է Ագիրեին պահել առավելագույն անվտանգության բանտում՝ մինչև դատավարությունը։ Նրա փաստաբանը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ ներկայացվել են ապացույցներ, որոնք վկայում են նրա անմեղության մասին։
43 ուսանողները անհետացել էին 2014 թվականի սեպտեմբերի 26-ին։ Նրանք Այոտցինապայի ուսուցչական քոլեջի ուսանողներ էին և Իգուալա քաղաքից մեկնել էին Մեխիկոյում նախատեսված բողոքի ակցիային մասնակցելու համար։ Ուսանողների վրա հարձակվել էին տեղական հանցավոր խմբավորման անդամները՝ քաղաքային ոստիկանության մասնակցությամբ։
Տարիներ շարունակված միջազգային հետաքննությունը ցույց է տվել, որ դեպքին ներգրավված են եղել նաև դաշնային ուժերը՝ ոստիկանությունն ու զինվորականները։ Ուսանողների անհետացման գործով մինչ այժմ նույնականացվել են միայն երեքի մնացորդները, իսկ մյուս 40-ի ճակատագիրը դեռևս հայտնի չէ։
Ագիրեի նկատմամբ մեղադրանքը համարվում է գործի վերջին տարիների ամենանշանակալի առաջընթացներից մեկը։
Անի Վարդանյան




























