Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրեց, որ իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Էդիկ Մինասյանը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5.000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։Իսկ ով է Էդիկ Մինասյանը
ArmLur.am-ը պարզեց, որ Մինասյանը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկարամյա ղեկավարներից է պատմաբան, գիտնական և մանկավարժ Էդիկ Մինասյանը, որի մասնագիտական գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված է եղել համալսարանական կրթության և գիտության հետ։
Էդիկ Մինասյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում։ 1973 թվականին ավարտել է Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ 1979 թվականին համալսարանն ավարտել է գերազանցության դիպլոմով։
Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո Մինասյանի մասնագիտական ուղին շարունակվել է հենց ԵՊՀ-ում։ 1979-1982 թվականներին նա աշխատել է պատմության ֆակուլտետի դեկանի օգնական, իսկ 1982-1986 թվականներին՝ ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս։ 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ շարունակելով գիտական և մանկավարժական աշխատանքը։
1986-1994 թվականներին Մինասյանը գործունեություն է ծավալել ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետում՝ սկզբում որպես ավագ դասախոս, ապա՝ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ։
1994 թվականից նրա աշխատանքը կրկին առավել սերտորեն կապվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ։ Նա զբաղեցրել է Հայոց պատմության ամբիոնի դոցենտի պաշտոնը, իսկ 1999-2009 թվականներին եղել է պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ։
2009 թվականին Էդիկ Մինասյանը ստանձնել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնը և այն ղեկավարել մինչև 2023 թվականի հոկտեմբերը։ Այդ տարիների ընթացքում նա ներգրավված է եղել ոչ միայն ֆակուլտետի կառավարման, այլև կրթական ու գիտական գործընթացների կազմակերպման աշխատանքներում։
Մինասյանի գործունեությունը չի սահմանափակվել պատմության ֆակուլտետով։ Տարիների ընթացքում նա դասավանդել է նաև ԵՊՀ իրավաբանական, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության և այլ ֆակուլտետներում՝ ուսանողներին ներկայացնելով «Հայոց պատմություն» և «Հայ դիվանագիտության պատմություն» առարկաները։
Նրա գործունեությունը ներառել է նաև հանրային և հասարակական աշխատանք։ 2015 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ Էդիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Նա նաև Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ է։
Նշենք, որ ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Էդիկ Մինասյանը ՀՅԴ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է:
Սոնա Գրիգորյան




























