«Հայաստանը պետք է սահմանադրականության զարգացման հիմքեր ստեղծի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Գրիգոր Մուրադյանը հուլիսի 21-ին այցելել են Իջևան քաղաք:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը մասնակցել են մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:

Գևորգ Դանիելյանի խոսքով՝ միջազգային հանրությունը ներկայում սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել մարդուն, նրա իրավունքներին ու դրանց պաշտպանությանը: «Հայաստանը նույնպես պետք է համահունչ քայլի միջազգային իրողություններին ու սահմանադրականության զարգացման հիմքեր ստեղծի»,- ասել է հանձնաժողովի անդամը:
Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքից` Գևորգ Դանիելյանը նշել է, որ նախապատվությունը տրվում է համայնքների խոշորացմանը, սակայն դրա համար պետք է հստակ նպատակներ սահմանել. արհեստականորեն խոշորացնել հնարավոր չէ:

«Այժմ քննարկվում է շրջանային համայնքների վերականգնման տարբերակը, իսկ գյուղական համայնքներն ունենալու են վարչական շրջանի կարգավիճակ, սակայն սա դեռևս հստակ չէ և վերջնական որոշումը պարզ կդառնա հանրային քննարկումների արդյունքում ստացված առաջարկներից հետո»,- տեղեկացրել է բանախոսը:
Գևորգ Դանիելյանը կարևորել է նաև Սահմանադրությամբ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հանրաքվեի ինստիտուտի ներդրման հարցը:

Հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը, խոսելով կառավարման ձևի փոփոխությունից, նշել է, որ անցում պետք է կատարվի պառլամենտական ձևին, որի պարագայում քաղաքական կոնֆլիկտների ռիսկը կնվազեցվի: «Դատական իշխանության գործունակությունը պետք է բարձրացվի, և Արդարադատության խորհուրդը պետք է դառնա դատավորների անկախության երաշխավորը` որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ»,- ասել է հանձնաժողովի անդամը:

Նա, կարևորելով դատական համակարգի աստիճանակարգության խնդիրը, ընդգծել է, որ երկաստիճան դատական համակարգին անցնելու դեպքում կկրճատվի մարդկանց անհարկի սպասելու պրակտիկան, և մարդն ավելի արագ կսպառի դատական ինստանցիաները:

Ընտրական համակարգից խոսելիս` Գրիգոր Մուրադյանը ներկայացրել է համամասնական ընտրական համակարգին անցնելու տարբերակը, սակայն դա, ըստ նրա, պետք է լինի ոչ թե կուսակցության լիդերի որոշմամբ ցուցակների կազմման տարբերակով, այլ` «փրայմերիզի» (նախնական ընտրություն) սկզբունքով:
Քննարկման ավարտին հարց է բարձրացվել կուսակցությունների և ՀԿ-ների ֆինանսավորման մասին, իշխանության ճյուղերի տարանջատման ու զսպման մեխանիզմների ամրագրման, համայնքների խոշորացման կիրառման սկզբունքների վերաբերյալ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս