ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԹԱՔՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2011թ. սեպտեմբերի 23-ից ՀՀ ոստիկանությունը մեծ շուքով վնասազերծեց զինված ավազակախմբի 16 անդամներին, որոնք տարբեր պաշտոնյաների բնակարաններից բռնությամբ գողություն էին կատարում: Ձերբակալություններից շուրջ 10 ամիս է անցել, սակայն ո՛չ գողոնն է հայտնաբերվել, ո՛չ էլ հանցագործության քննությունն է ավարտվել: Ամեն ինչ օդում կախված է:   
“Ժողովուրդ”-ը զրուցեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, “բանդայի” ավազակային հարձակումներից տուժած Աղվան Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե գործն ինչ ընթացքի մեջ է: Նա ասաց, որ որեւէ տեղեկություն չունի. “Ոչ մի նորություն չկա: Գողոնի մասով էլ ոչ մի նորություն չկա: Ա՛յ բարեկամներ ջան, միայն սպասում եմ”:   
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ շարունակվում է գործի նախաքննությունը: Թե ինչն են քննում, անհայտ է: Չէ՞ որ գործում ամեն ինչ ավելի քան պարզ է. բոլորին է հայտնի, թե ովքեր են տուժողները՝ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Աղվան Գրիգորյան, ԱԺ նախկին պատգամավոր, Կոտայքի մարզպետի եղբայր Սամվել Շահգալդյան, “Երեւանճանապարհշին” ՍՊԸ տնօրեն Էդուարդ Բեզոյան, ՊԵԿ նախկին նախագահ Արմեն Ավետիսյան եւ այլք: Նրանց բոլորի ընտանիքների անդամներին դաժանաբար ծեծել են ու գողացել արժեքավոր իրեր եւ դրամ: Հայտնի են նաեւ հանցագործները (համենայնդեպս, նրանց մեծ շուքով կալանավորեցին): Ինչո՞ւ գործը ո՛չ դատարան է գնում, ո՛չ էլ բանտարկվածներին են ազատ արձակում:
Գառնու “Սուրիկի լավաշ”-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը 10 ամիս է՝ ձերբակալված որդիներին չի տեսել: Հակոբյանի մի որդին՝ Արտյուշա Հակոբյանը, մեղադրվում է ավազակախմբի պարագլուխ լինելու մեջ: Իսկ մյուս եղբայրը՝ Անդրանիկ Հակոբյանը, մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել կանեփ օգտագործելու համար: Ս. Հակոբյանը շարունակում է զայրացած մնալ, որ որդիները կալանքի տակ են:”Թող իրենք իրենց էրեխեքից կարոտ մնան: Միայն դա կարող եմ ասել: Հենց որդիներիցս հարցնում են, լացս գալիս է: Ախր ի՞նչ են արել, իմ զավակները պետական հանցագործնե՞ր են, թե՞ հայրենիքի դավաճաններ: 78 տարեկան մարդ եմ, կարող է այսօր քնում եմ ու չեմ արթնանում: Կարոտո՞վ մեռնեմ իմ էրեխեքից”,-դողդոջուն ձայնով ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 3000 գառնեցիներ իրենց ստորագրություններով եւ անձնագրերի սերիաներով դիմում-բողոք էին գրել Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: “Եւ ի՞նչ պատասխան եմ ստացել: Գնացի նախագահական պալատ: Այնտեղից պատասխանեցին, որ ուղարկել են դատախազություն, գնացի դատախազություն, այնտեղից էլ ուղարկեցին քննչական վարչություն: Ոչ ոք իմ հարցերին չի պատասխանում”,-վրդովված հայտնեց Ս. Հակոբյանը: Նրա խոսքերով՝ գառնեցիները փորձել են Գառնու ճանապարհը փակել, բայց ինքը թույլ չի տվել. “Ուզում են՝ իմ բիզնեսը մեռնի, բայց ես որ քայլում եմ, իմ բիզնեսը կաշխատի: Էդ թող հիշեն”: 
Արտյուշա Հակոբյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել արգելելու տեսակցությունները եւ զանգերը: “Եզրահանգում եմ անում, որ միանգամայն արհեստականորեն է Արտյուշա Հակոբյանի վրա բանդայի մասնակցության, ավազակային հարձակումների առնչությամբ մեղադրանքը”,-նկատեց Արսենյանը:  
“Բանդայի” գործով մյուս մեղադրյալ Արման Դալլաքյանի պաշտպան Վաչագան Քոսյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց. “Ոչ մի մեղադրանք հիմնավորված չէ: Միայն հատուկ քննչական ծառայությանը բողոք էինք ներկայացրել 6-րդ բաժնի աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելու մասին, բայց մերժվեց: Դատարաններով բողոքարկելով եկանք, Վերաքննիչն էլ մերժեց: Հիմա էլ դիմել եմ Վճռաբեկե: Պաշտպանի խոսքերով՝ ոստիկանության շենքում կտրող-ծակող գործիքից վնասվածքներ ստացած Արման Դալլաքյանին մինչեւ հիմա արտաքին զննության չեն ենթարկել, չգիտեն, թե նա ինչ վնասվածքներ ունի, ինչը նշանակում է, որ որեւէ ապացույց ձեռք բերված չէ: Իսկ Արմանի առողջական վիճակը շատ ծանր է: “Դանակահարության արդյունքում վիրահատվել է, բայց հետո բավարար բուժօգնություն նույնիսկ չի ստացել: Նրա վիճակը շատ վատ է: Ճողվածք ունի, մինչեւ այսօր որովայնը գրկած ման է գալիս: Այդ հարցով բազմիցս դիմել ենք ՔԿՀ-ի ղեկավարությանը, նույնիսկ վարչության հիվանդանոց չեն տարել”,-տեղեկացրեց Վ. Քոսյանը: 
Նշենք, որ օգոստոսի 9-ին լրանում է նախաքննության վերջնաժամկետը: Մինչ այդ նախաքննական մարմինը ձերբակալվածների կալանքը երկարաձգելու միջնորդությամբ հավանաբար նորից դատարան կմտնի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս