ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան»-ի համար սեպտեմբերի 9-ին կայանալիք «հայրաքաղաք» Գյումրիի քաղաքապետի ընտրությունը թերեւս ամենալուրջ փորձությունն է գալիք  նախագահական ընտրություններից առաջ: Այն, որ Հայաստանի երկրորդ քաղաքի ղեկավարի աթոռի համար պայքարը լինելու է առավել քան թեժ, կասկածից դուրս է` հատկապես հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Գյումրիից Հանրապետականի ստացած քվեներն անհամեմատ քիչ էին, քան «Բարգավաճ Հայաստան»-ինը: Եւ հիմա Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է վերականգնելու համար իր  դիրքերը եւ ցույց տալու, որ ԱԺ վերջին ընտրությունների արդյունքներն  ընդամենը Վարդան Ղուկասյանի վատ աշխատանքի պատճառով  էին, եւ ոչ ամենեւին` ՀՀԿ  ցածր վարկանիշի: Իսկ դրա համար նախ ՀՀԿ-ն պետք է ձերբազատվի Վարդան Ղուկասյանից, որը, թարսի նման, ոչ մի կերպ չի ուզում լքել քաղաքապետի պաշտոնը: Ղուկասյանի նկատմամբ վերջին շրջանում վերսկսված տեղեկատվական պայքարը ցույց է տալիս, որ նրա մասով գոնե այս պահին Սերժ Սարգսյանի որոշումը բացասական է: Ինչը, միանգամայն սպասելի է` ոչ միայն Ղուկասյանի վատ աշխատանքի եւ ՀՀԿ-ում այնքան էլ սիրված չլինելու, այլեւ «Հարսնաքար»-ի դեպքից հետո կրիմինալ օլիգարխների նկատմամբ ձեւավորված համազգային ատելության ու ընդվզման  պատճառով: Իսկ Վարդան Ղուկասյանը, ինչպես հայտնի է, անցած տարիներին ներգրավված է եղել բազմաթիվ աղմկահարույց քրեական պատմություններում, եւ, ըստ էության, Գյումրիի Նեմեցն է: Հետեւաբար, այս փուլում Վարդանիկին առաջադրելը Հանրապետական կուսակցության համար հավասարազոր կլինի  նախօրոք  պարտվելուն:  Սակայն  խնդիրն այն է, որ բացի Ղուկասյանից, ՀՀԿ-ն այսօր չունի այլ` նույնքան լուրջ լծակների տիրապետող թեկնածու: Ի տարբերություն ԲՀԿ-ի, որն այս  դեպքում ունի  երեք թեկնածու, որոնցից ամենաազդեցիկը, թերեւս, Սամվել Բալասանյանն է: Հետեւաբար, ՀՀԿ-ում պետք է եւ արդեն մտածում են վերջինիս չեզոքացնելու կամ իրենցով անելու տարբերակների մասին: Իսկ թե մեկ անգամ ճակատի գիրը փոխած նախկին ՕԵԿ-ական Բալասանյանը  հանուն քաղաքապետի աթոռի կրկին կփոխի՞ ճակատի գիրը` ցույց կտան ժամանակը եւ ՀՀԿ-ի շահագրգռության աստիճանը: Ամեն դեպքում, շրջանառելով Բալասանյանի անունը որպես Սերժ Սարգսյանի ֆավորիտ, ՀՀԿ-ական շրջանակները  իրականում միանգամից մի քանի նապաստակ են  խփում. մի կողմից ԲՀԿ-ում ձեւավորում են կասկած  Բալասանյանի լոյալության մասով, մյուս կողմից ցույց տալիս, որ իրականում «Բարգավաճ Հայաստան»-ի եւ Հանրապետականի միջեւ չկան լուրջ տարաձայնություններ, եթե ՀՀԿ առաջնորդը կարող է սատարել ԲՀԿ-ական Բալասանյանին:




Լրահոս