ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակում  մի խումբ ազատամարտիկներ նստացույց են անում` պահանջելով վերանայել իրենց, զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ մարտական գործողություններին մասնակցածների սոցիալական երաշխիքներն ու զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նստացույցի մասնակից ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց. «Այսօր այս մարդկանցից ո՞ր մեկն է քիչ արել հայրենիքի համար, ինքը չգիտի այս վիճակը, էլ ի՞նչ նախագահ, ո՞վ է նա… Մենք բոլորս էլ իր զինակից ընկերներն ենք, բայց այսօր նույնիսկ սեփական տուն չունենք»:
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում երկար տարիներ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խոսքով` ազատամարտիկներ կան, որոնք ցանկանում են միանալ նստացույցին, սակայն գումար չունենալու պատճառով չեն կարողանում գալ Երեւան:  «Քիչ առաջ Արթիկի մեր զինակից ընկերներից մեկը զանգ տվեց ու ասաց` պատրաստ է գալ եւ Ազատության հրապարակում նույնիսկ ինքնահրկիզվել, բայց հացի փող չունի, ուր մնաց տրանսպորտի: Եթե այստեղ հազար մարդ չի հավաքվել, ապա դա չի նշանակում, որ այդ խնդիրը չկա: Ես պահանջում եմ, որ որեւէ մեկն այս հարցին իրոք ուշադրություն դարձնի: Ես ծառայել եմ ՀՀ բանակում, անցյալ տարի իմ կամքով զորացրվել եմ բանակից, թեպետ դեռ վեց տարի ունեի… եւ հանգամանքներից ելնելով, շատ բաներ էլ իմ մաշկի վրա զգալով` դուրս եմ եկել, որ մեր տղաներին օգնեմ… ես` որպես սպա,  պարտավոր եմ դա անել»,-ներկայացրեց Ավետիսյանը` հավելելով, որ կառավարության բացասական պատասխանի դեպքում նստացույցը կշարունակվի:
Նստացույցի մասնակից ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը` որպես կամավոր, 1988թ. դեկտեմբերի 23-ից կռվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում, կազմել Սպիտակշեն գյուղի ինքնապաշտպանության ջոկատը, ապա` 1991թ.-ից սկսած, միացել Մոնթե Մելքոնյանի գումարտակին: Մի քանի ամսով եղել է Ժիրայր Սէֆիլյանի Շուշիի առանձնակի գումարտակի կազմում: Պատերազմի դաշտում չորս-հինգ անգամ վիրավորվել է, սակայն հիմա փաստաթղթերով ունի երկու վիրավորվածություն: «Գնացի` ինձ հետ տանելով ընտանիքս. չորս երեխաներով գնացինք, բայց հինգ երեխաներով հետ վերադարձանք: Փառք Աստծո, ընտանիքի անդամների կորուստ չեմ ունեցել, բայց վերքերս են շատացել»,-իր մասին պատմեց Խաչատրյանը: Նրա խոսքով` այսօրվա իշխանությունները նման են կարտոֆիլի ցողունը ոչնչացնող կոլորադյան բզեզների, որոնք առաջին հայացքից անմեղ են թվում, բայց «խժռում են, ու հնարավոր է, որ մի քանի օրվա մեջ կարտոֆիլի դաշտն ամբողջությամբ ոչնչացնեն»:
«Յուրաքանչյուր հաշմանդամ, ազատամարտիկ այսօրվա դրությամբ պետության կողմից ոչ մի ուշադրության չի արժանանում: Ովքե՞ր են այսօրվա ազատամարտիկները, նրանք, որոնք պատերազմի տարիներին վաճառեցին իրենց կնոջ ունեցած վերջին ոսկեղենը, իրենց վերջին կովը, ոչխարը, դրանց գումարով զենք գնեցին ու գնացին հայրենիքը պաշտպանելու: Իմ ընտանիքը 12 հոգուց է բաղկացած, բայց անտուն եմ, վարձով եմ ապրում: Չկարծեք, թե արտագաղթելու եմ, ո՛չ, չեմ արտագաղթի: Էս ամեն ինչն ո՞ւմ թողնեմ գնամ: Պատերազմի համայնապատկերն առած աչքերիս մեջ` ո՞ւր գնամ, ինչ էլ ինձ տան, նույնիսկ մեկ այլ երկրում թագավոր առաջարկեն, մեկ է, չեմ գնա… էն իմ թափած արյան տեղերն ո՞ւմ թողնեմ գնամ: Հիմա էլ հիշում եմ ու լաց լինում: Ի՞նչ են անում հիմա մեր իշխանությունները, իրենք էյֆորիաների մեջ են ու կատարում են մեծ ծրագիր` Հայաստանն առանց հայերի ծրագիրը,-հուզված ձայնով ասաց ազատամարտիկ Խաչատրյանը` նշելով, որ Աստված մի արասցե, եթե կրկին պատերազմ հայտարարվի, նորից պատրաստ է գնալ,-ոչ ոք չի կարող չգնալ: Մենք այդ հոգին չունենք: Եթե մենք երես ենք թեքում մեր ապաշնորհ իշխանություններից, դա չի նշանակում, որ երես ենք թեքում նաեւ մեր հայրենիքից, ո՛չ»:
63-ամյա Էդվարդ Ներսիսյանը, որի մարտական անունն է Ափար, նույնպես պատրաստ է գնալ պատերազմ. «Բա ո՞վ պիտի գնա էս հողի համար: Խաչով եմ ասում (խաչակնքվում է-Ս.Հ.)` կգնամ: Ֆիդայիների հոգիներն ուրիշ են, մենք մարտնչել ենք Հայաստանի թասիբի համար, քրիստոնյա խաչի զինվորն ենք մենք: Իսկ հիմա անուշադրության ենք մատնված: Ես իմ Հայաստանի համար արյուն եմ թափել, ասֆալտի ֆիդայի չեմ, բայց այսօր իմ հայրենիքի մեջ տեղ չունեմ ապրելու»:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ պաշտպանության նախարարի հանձնարարականով նախարարության սոցիալական ապահովության վարչության պետը երկու անգամ հանդիպել է ազատամարտիկների հետ, զրուցել, եւ «ընդհանուր հայտարարի են եկել»: «Մենք միշտ պատրաստ ենք այս հարցերը փորձել հնարավորությունների չափ լուծել: Մենք միշտ պատրաստ ենք աջակցել ազատամարտիկներին»,-լրացրեց Հովհաննիսյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս