2016-ին որքա՞ն կտավ է արտահանվել Հայաստանից և ո՞ր երկրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղված գրավոր հարցման միջոցով փորձեց պարզել` տարեսկզբից Հայաստանից ինչ քանակով կտավներ են արտահանվել եւ որ երկրներ, ամեն երկիր քանի կտավ է արտահանվել, որքան է կազմել այդ կտավների արժեքը, եւ ովքեր են դրանց հեղինակները:

Նախարարությունից հայտնեցին, որ 2016 թվականի ընթացքում (առ 01.09.2016թ.) Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է մշակութային արժեք համարվող 148 եւ ժամանակակից նկարիչների 1534 կտավ` ԱՄՆ, Ավստրիա, Ավստրալիա, ԱՄԷ, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Հոլանդիա, Հունաստան, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Չինաստան, Ճապոնիա, Սլովենիա, Սերբիա, Ուկրաինա, Վրաստան, Կանադա, Իրան, Իսպանիա, Իտալիա, Լիբանան, Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալազիա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Թուրքիա:
Մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննության արդյունքում արտահանված աշխատանքների գնահատված արժեքը կազմել է 317 միլիոն 680 հազար դրամ։

Նախարարությունից տեղեկացրին նաեւ, որ ժամանակակից նկարիչների կտավները, որպես մշակութային նշանակության առարկաներ, ՀՀ օրենսդրության համաձայն՝ փորձաքննություն չեն անցնում, դրանց արժեքի գնահատում չի իրականացվում:
2016 թվականին ՀՀ-ից արտահանվել են Վարդգես Սուրենյանցի, Գեւորգ Բաշինջաղյանի, Մհեր Աբեղյանի, Հովհաննես Տեր-Թադեւոսյանի, Մարտիրոս Սարյանի, Էդգար Շահինի, Սեդրակ Առաքելյանի, Պերճ Ակնունիի, Արա Բեքարյանի, Գառնիկ Զուլումյանի (Գառզու), Փանոս Թերլեմեզյանի, Երվանդ Քոչարի, Բարդուղ Վարդանյանի, Մինաս Ավետիսյանի, Գաբրիել Գյուրջյանի, Գրիգոր Խանջյանի, Հովսեփ Կարալյանի /Կարալով/, Վրույր Գալստյանի, Խաչատուր Եսայանի, Դմիտրի Նալբանդյանի, Վաղարշակ Էլիբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Գուրգեն Պարոնյանի (Գուրոս), Գեւորգ Պարոնյանի, Վահրամ Գայֆեճյանի, Հովհաննես Զարդարյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Գրիգոր Աղասյանի, Գեւորգ Ավագյանի, Գայանե Խաչատրյանի, Վահան Խորենյանի, Մարիամ Ասլամազյանի, Վալենտին Պոտպոմոգովի, Ռոմանոս Սարգսյանի, Հակոբջան Ղարիբջանյանի, Ցոլակ Ազիզյանի, Ադոլֆ Ֆեսլերի, Միխայիլ Ս. Բաշիլովի կտավներից։

Նախարարությունից այդպես էլ չպատասխանեցին մեր այն հարցին, թե այս տարվա ընթացքում ամեն երկիր քանի կտավ է արտահանվել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս