Մարզի կեսն օրեր շարունակ մնացել է առանց հոսանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ի ցերեկը Դիլիջանում էլեկտրական հոսանքն անջատված է եղել: Դիլիջանի բնակիչները հայտնեցին, որ այդ օրը՝ երեկոյան ժամը 17-ի սահմաններում, հոսանքի մատակարարումը վերականգնվել է, սակայն նոյեմբերի լույս 2-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, նորից անջատվել է, եւ մինչեւ օրվա երկրորդ կեսը Դիլիջանում հոսանք չի եղել:

Հատկապես այս ցուրտ եղանակին հոսանքազրկումը առողջարանային, զբոսաշրջային քաղաքում բազում խնդիրներ է առաջացրել: Նույն պատճառով չեն գործել քաղաքի բենզալցակայանները եւ գազալցակայանները:

Նոյեմբերի լույս 2-ին գիշերվա ժամը 3-ից Տավուշի մարզկենտրոն Իջեւանում եւս էներգամատակարարում չի եղել: Քաղաքի մեծ խանութներում հերթեր են գոյացել, քանի որ ապրանքների գները հաշվող էլեկտրոնային սարքավորումները չեն գործել:

Հոսանքի բացակայությունը Իջեւանի, Դիլիջանի բնակիչներին բազմաթիվ անհարմարություններ է պատճառել: Տեղեկություններ կան, որ հոսանքի անջատման պատճառը 110 վոլտ լարումով էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած վթարն է:

Պարզելու համար հոսանքազրկման պատճառները՝ «Ժողովուդը» զանգահարեց «Հայաստանի էլցանցեր» ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղ, սակայն պատասխանող չեղավ: Ի վերջո, նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.30-ին, Իջեւանում եւ Դիլիջանում էլեկտրամատակարարումը վերականգնվեց:




Լրահոս