Հովիկ Աբովյանի համար դժվար է լինելու ՀՀԿ-ի համար մեծ թվով քվեներ ապահովելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում նշված է, որ մարտի 16-ին մարզպետարանում Հովիկ Աբովյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Նույն կայքում մարտի 20-ին տեղադրված մեկ այլ տեղեկատվության մեջ նշված է «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու որոշման մասին:

Այդ որոշման տակ Տավուշի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի ստորագրությունն է: «Ժողովրդի» ունեցած հավաստի տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը արձակուրդ է վերցրել, որպեսզի մասնակցի նախընտրական քարոզարշավին: Ճիշտ է՝ Հովիկ Աբովյանը ՀՀԿ համապետական ցուցակի կամ Տավուշի մարզի տարածքային ցուցակի թեկնածու չէ, սակայն թեկնածու է նրա «կադրը»՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Կարեն Նազարյանը: Հովիկ Աբովյանի համար դժվար է լինելու ՀՀԿ-ի համար մեծ թվով քվեներ ապահովելը հենց իր գյուղում՝ Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնք Կողբում:

Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին Կողբում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթեց ոչ թե Հովիկ Աբովյանի նախընտրած թեկնածուն՝ գործող գյուղապետ Արամայիս Աբովյանը, այլ նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը:

Բացի այդ` առաջիկա խորհրդարանական ընտրություններում Կողբ գյուղից սերված այլ թեկնածուներ կան՝ ճանաչված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով ՀՅԴ Տավուշի տարածքային ցուցակում է, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից տարածքային թեկնածու, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապետ Կարապետ Սիմոնյանը: Հավելենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 67-րդ տեղում է Կողբի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող Ֆլորա Ջաղինյանը:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս