29 տարի անց դեռ անօթևանության խնդիր կա. աղետի գոտին այդպես էլ չի վերականգնվել` հակառակ իշխանության խոստումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է 88-ի աղետալի երկրաշարժի 29-րդ տարելիցը: Տեղի ունեցածից մոտ երեք տասնամյակ անց, սակայն, պետք է փաստենք՝ աղետի գոտին այդպես էլ չի վերականգնվել՝ հակառակ այս տարիներին իշխանությունների տված խոստումներին: Ասվածի ապացույցը Գյումրիում առկա տնակներն են, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնական մասերում երկրաշարժից կիսավեր շենքերի մնացորդները, որոնք մինչեւ հիմա չեն ապամոնտաժվել, այլ մնացել են որպես արհավիրքի մասին տխուր հիշողություն:

Աղետի գոտու վերականգնման վերջնաժամկետներ բազմիցս են հնչել, անգամ ընդունվել են համապատասխան իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ Գյումրիի վերականգնման մասին օրենքը: Բայց բոլոր խոստումները մնացին անկատար:
Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին, չնայած պատերազմին, էներգետիկ ճգնաժամին, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, միայն Շիրակի մարզում, ըստ պաշտոնական փաստաթղթերի, հասցրեցին վերականգնել 1525,6 հազար քառակուսի մետր մակերեսով 9410 բնակարան, որը կազմում էր երկրաշարժի ժամանակ կորցրած բնակարանների թվի 31, իսկ բնակմակերեսի առումով` շուրջ 41 տոկոսը: Այս տվյալները նշված են ՀՀ կառավարության աշխատակազմի՝ 1998 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 26 պաշտոնական տեղեկագրում:

Արդեն 98-ի իշխանափոխությունից հետո իշխանությունները հետեւողականորեն նվազեցրին անօթեւանների թիվը: Սա, իհարկե, մասամբ պայմանավորված էր օբյեկտիվ պատճառներով. այդ մարդկանց մեծ մասը հեռացել էր Հայաստանից, եւ դուրս մնացին անօթեւանների հաշվառման ցուցակներից: Բայց անգամ այդ պարագայում այդպես էլ չհաջողվեց վերականգնել աղետի գոտին, չնայած արդեն անցյալում էին պատերազմը, էներգետիկ ճգնաժամը եւ այլն:

Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը սկզբում աղետի գոտու վերականգնման վերջնաժամկետ հայտարարեց 2001 թվականը, այդ ժամկետը ոչ միայն նշված էր նրա նախընտրական ծրագրում, այլեւ կառավարության որոշումներում: Բայց այդ տարիներին այդպես էլ լուրջ շինարարություն չարվեց: Եւ իշխանությունները ստիպված էին երկարաձգել վերջնաժամկետն ու խոստանալ, որ աղետի գոտին կվերականգնեն մինչեւ 2003 թվականը: Ոգեւորված էին ամերիկահայ մեծահարուստ Քրքորյանի միջոցներով իրականացվող «Լինսի» ծրագրով, երբ կառուցվեցին շենքեր:

Բայց ոչ բավարար քանակի: Այդ ընթացքում Գյումրի այցերից մեկի ժամանակ Քոչարյանը նույնիսկ հայտարարել էր, թե ինքը «շողուլի կբերի» բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն կասկածել աղետի գոտին մինչեւ 2003թ. վերականգնելու ծրագրի խոստումը: Անցավ 2003թ., սակայն աղետի գոտին այդպես էլ չվերականգնվեց: «Լինսի» ծրագրի ավարտից հետո մի որոշ ժամանակ նոր շինարարություն չէր արվում, այլ բյուջեից անօթեւաններին բնակարանների գնման վկայագրեր էին տալիս, որպեսզի այդ միջոցներով տուն գնեն: Իսկ ավելի ուշ արդեն Քոչարյանը հայտարարեց, թե հայրենիքը չի կարող աղետի գոտի լինել, եւ որ աղետի գոտի այլեւս չկա: Չնայած այդ ժամանակ դեռ տասնյակ հազարավոր անօթեւաններ բնակվում էին ժամանակավոր կացարաններում:

Աղետի գոտու վերականգնման խոստումներ տվել է նաեւ Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք. 2008թ. նախընտրական ժամանակաշրջանում նա պնդում էր. «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու»: Հետո արդեն 2012 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե. «Շատ մոտ ապագայում այստեղ այլեւս բնակարանային խնդիր չի լինի»։ Իսկ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ պնդեց, որ շատ շուտով որեւէ ընտանիք առանց բնակարան չի մնա։ «Իմ խորին համոզմամբ, «աղետի գոտի» արտահայտությունը գնալով ավելի քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը:

Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ են զարգացման նպատակադրումները»,- Շիրակի մարզում հայտարարել էր նա: Ս. Սարգսյանի պաշտոնավարման օրոք եւս որոշակի շինարարություն իրականացվեց Գյումրիում, բայց այդպես էլ չլուծվեց անօթեւանների խնդիրը: Էլ չենք ասում այն մասին, որ «Գլենդել հիլզ» ընկերության կառուցած շենքերն աչքի էին ընկնում իրենց սարսափելի վատ որակով. հիշում եք, հավանաբար, թե ինչպես այդ նորակառույց շենքերում պարբերաբար բնակիչների գլխին էր թափվում առաստաղի սվաղը եւ այսպես շարունակ:

Այնպես որ, պետք է արձանագրենք՝ 2017թ. դեռ աղետի գոտին չի վերականգնվել: Ու հիմա միայն Գյումրիում դեռ 2300 անօթեւան ընտանիք կա. այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանից: Իսկ թե երբ այդ 2300 անօթեւան ընտանիքները կստանան կորցրած բնակարանները, Աստված գիտի: Համենայն դեպս, վերջին տարիներին Գյումրիում հասարակական կազմակերպություններն են դրամահավաք անում՝ անօթեւանների համար բնակարան գնելու նպատակով: Բայց, դե, այդպես դեռ երկար ժամանակ կպահանջվի՝ խնդիրը լուծելու համար:

Հ.Գ. Մեկ փաստ էլ. անկախ բնակարանային խնդրից՝ աղետի գոտում կա մեկ այլ պրոբլեմ եւս. Շիրակի մարզը, պաշտոնական տվյալներով, շարունակում է մնալ ամենաաղքատը՝ 45.5 տոկոս, իսկ երկրորդ տեղում Լոռու մարզն է՝ 35.8 տոկոս: Իսկ այս պատկերն է, որովհետեւ այդպես էլ լուծված չէ բնակչության զբաղվածության խնդիրը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս