Սերժ Սարգսյանը դժգոհում է ուսանողներից, բայց և ասում, որ որոշումը կայացրել է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների եւ տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների միջեւ շարունակվում է հեռակա բանավեճը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է այդ թեմային: Ու որքան էլ նա փորձում էր ցույց տալ, թե ուսանողների ակտիվության մասով խնդիր չունեն, ակնհայտ էր՝ այս ընթացքում հնչած որոշ արտահայտություններից նեղված է. «Որքան էլ մեզ ուսանողները հուշեն, որ պետք է հրապարակավ խնդրել ՀՀ քաղաքացիներին մեզ խղճալ՝ մեզ, եւ գնալ հայրենիքը պաշտպանել, մենք այդպիսի բաներ չենք անելու, որովհետեւ հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է: Բացի դրանից` այն հայտարարությունները, որ հնչում են ՀՀ-ում, մի քանի րոպե հետո դառնում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ թուրքերի ու մնացած բոլորի սեփականությունը»,- ասել է նա:

Բացի այդ` Ս. Սարգսյանը հայտարարել է, թե իրենք խնդիր չունեն ուսանողների ցանկացած առաջարկությունները լսելու. «Քննարկումները նորմալ են, առանց դրանց չի կարող մեր հասարակությունը զարգանալ, բայց երբ քննարկումների արդյունքում որոշումներ են կայացվում, մեզնից յուրաքանչյուրի գործը պետք է լինի գոնե իր մասով այդ որոշումներն իրականացնել»:

Սկսենք նրանից, որ բարոյախրատական ճառը, թե «հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է», մի տեսակ խորթ է հնչում թեկուզ այն պատճառով, որ հենց այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է ՀՀ քաղաքացին երես թեքել իր պետությունց. մի մասը պարզապես հեռացել է, մի մասն էլ, մնալով այստեղ, հայրենիքն ընդունում է որպես սոսկ բնակավայր, ոչինչ ավելի: Մի տեսակ հիմնազուրկ էին նաեւ Սերժ Սարգսյանի պնդումները, թե ՀՀ-ում հնչած հայտարարությունները դառնում են ադրբեջանցիների, թուրքերի կամ մյուսների սեփականությունը: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է ընդհանրապես որեւէ քննադատական խոսք չհնչի, այլապես ցանկացած խոսք կարող է դառնալ այլ պետությունների սեփականություն: Այնպես որ, իշխանությունները միգուցե ճիշտ կանեին, եթե նախ եւ առաջ իրենց գործելաոճին հետեւեին, որովհետեւ նույն հաջողությամբ թուրքերն ու ադրբեջանցիները տեսնում են նաեւ դա:

Ու վերջապես տարկետման իրավունքի սահմանափակումների մասին. Ս. Սարգսյանը` հայտարարելով, որ յուրաքանչյուրի գործը պետք է լինի որոշումները կատարելը, պարզ հասկացրել է՝ իշխանությունն իր որոշումը կայացրել է եւ նահանջելու միտք չունի: Այնպես որ, իրենք պատրաստ են քննարկումների, բայց ոչ ավելին:




Լրահոս