«ԱՐԴԵՆ ԿՈԿՈՐԴՆԵՐԻՍ ԵՆ ՀԱՍԵԼ». ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային եւ հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, զոհվել են տասնյակ զինծառայողներ։

 

Հակառակորդի կողմից ծավալվող ռազմական գործողությունների շուրջ ArmLur.am-ը խոսել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանի հետ։

-Համլե՛տ, երեկ՝ վաղ առավոտից, Ադրբեջանը սկսել է պատերազմական գործողություններ արցախաադրեջանական սահմանի ողջ երկյանքով, ինչպես նաեւ բնակելի տարածքներում, որի հետեւանքով ունենք քաղաքացիական զոհեր։ Ի՞նչ գնահատական կտաք Ադրբեջանի գործողություններին։

-Ուսումնասիրելով մի շարք տեղեկություններ՝ հասկացա, որ մեզ համար ոչ մի հարձակում անակնկալ չէր, բայց բոլոր դեպքերում հակառակորդը ցանկացել է հանկարծակիի բերել։ Փորձել է սկսել ամենավայրագ ձեւով՝ խաղաղ բնակիչներից, անգամ ունենք երեխայի զոհ, բազմաթիվ վիրավորներ։ Իհարկե, այս ագրեսիվ հարձակման վրա չեմ զարմանում. ինչպես միշտ, Ադրբեջանի կողմից հայի հողը հայից խլելու տենչանքը կա, եւ ոչինչ չի փոխվել, իսկ մնացածը թող աշխարհը տեսնի ու գնահատի։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչու հենց այս ժամանակահատվածում Ադրբեջանը սկսեց իր նենգ եւ սադրիչ պատերազմական գործողությունները։

-Ակնհայտ է, որ Ադրբեջանն ունի մեծ աջակցություն, շատ վատ սերմնացան Թուրքիայի կողմից։ Աշխարհի բոլոր դեմոկրատ երկրները դեմ են այն ամենին, ինչ այսօր կատարվում է, դեմ են Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Ես հետեւում եմ միջազգային տարբեր վերլուծաբանների եւ տեսնում եմ, որ ոչ մեկը Ադրբեջանին չի խրախուսում Արցախի վրա հարձակման համար։

-Համլե՛տ, Հայաստանում եւ Արցախում հայտարարվեց զորահավաք, արդյոք պատրա՞ստ եք մեկնել սահման հայրենիքի պաշտպանության համար։

-Այո, իհարկե, եւ մինչեւ սահման մեկնելը, ովքեր թիկունքում սպասել են հայրենիքի կորցրած տարածքները հետ վերադարձնելու հույսով, իսկ մենք էլ այստեղ երգելով միշտ մեր ծառայությունը հայրենիքին մատուցել ենք՝ կանգնելով մեր զինվորի, սպայի, գեներալի կողքին։ Ով ինչ հարցում կարողանում է, աջակցում եւ օգնում է մեր բանակին։ Եվ տեսնում եմ, որ գնալով մոբիլիզացվում են ուժերը, ամեն բան գնում է շատ կիրթ ձեւով, եւ դա զարմանալի չէ, քանի որ մենք միշտ զգոն ենք եղել հակառակորդի գնդակների, դիվերսիոն հարձակումների հանդեպ, եւ հիմա էլ ամեն ինչ տանում է դեպի հաղթանակը։

-Իսկ գո՞հ եք արդյոք միջազգային կառույցների արձագանքից։

-Իմ կարծիքով՝ մեր դիվանագիտական կորպուսը շատ գրագետ, ճիշտ ժամանակին իր արձագանքը տալիս է։ Ընդհանուր առմամբ, ես տեսնում եմ, որ այն երկրները, որոնք ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի շրջանակում են, բավականին ակտիվորեն արձագանքում եւ դատապարտում են Արցախի նկատմամբ ռազմական գործողությունները։ Մենք միշտ թշնամուն թույլ ենք տվել հետ նահանջել, եւ տեսնում եմ, որ Արցախի եւ Հայաստանի ղեկավարներն ինչպիսի բացառիկ համբերություն են դրսեւորում։ Կարծում եմ՝ այդքան շուտ թշնամին չի հանձնվի, եւ մեզ ստիպելու են մեծ գործողությունների գնալ։

Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը, անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական կարգավիճակից հայրենիքի պաշտպանության հարցում դառնում են մի բռունցք, եւ դա մեր արյան մեջ է։ Թշնամին չի կարող մեզ մեր պատմական հողերից զրկել եւ այդ փաստը մարսի։ Մենք չենք մոռանում, եւ ոչ մեկ չի կարող մեզ մեր հողերից զրկել։ Դա պարզապես չի լինելու։ Այսօր համայն աշխարհի հայությունը կանգնած է մեր հայրենիքի կողքին։ Մենք այն ազգն ենք, որ երբեք չենք թալանել, ոչ մեկի հողը չենք զավթել, իսկ ով ուզում է խաղաղ ապրել մեր հողերի վրա, խնդրեմ, կարող է խաղաղ ապրել։ Մեր ուժը հենց խաղաղության մեջ է։

-Ի՞նչ պատասխան է սպասվում թշնամուն, արդյոք տասնամյակներ ի վեր երակարաձգված պատերազմում կհաղթե՞նք։

-Այս ամեն ինչն արդեն հասել է մեր կոկորդին, եւ պետք է մեկընդմիշտ վերջացնենք այս հարցը։ Ամբողջ աշխարհը տեսնում է, թե բարբարոսությունն ու ագրեսիան որ կողմից է գալիս։ Հաղթելու ենք։

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ՄԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԶԱՆԳՈՒՄ ԵՆ, ԳՈՒՄԱՐ ՈՒԶՈՒՄ». ՌԱՖՈՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿԵՂԾԻՔԻՑ ԶԵՐԾ ՄՆԱԼ

Ղարաբաղաադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հայ հայտնիներից շատերը նախաձեռնել են օգնության հավաքագրում։ Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Պապոյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ  այլք եւս նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Հավաքագրվում են անհրաժեշտ պարագաներ, դեղորայք, ծխախոտ, սնունդ, ալյուր, հագուստ սահման տեղափոխելու համար։

 

Գրիգոր Դանիելյանը հայտնել է, որ իրենց նախաձեռնությունը համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի օգնությունը ծառայի ճիշտ նպատակին։

Սակայն նրանց անունից փորձում են նաեւ դրամաշորթություն անել։ Ռաֆայել Երանոսյանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ իրենց անունից զանգում են տարբեր կազմակերպություններ եւ գումար  ուզում։ «Դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե մենք չենք զանգում, ուրեմն մենք չենք»,- ասել է Ռաֆոն՝ կոչ անելով զերծ մնալ կեղծիքներից։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՍՊԱՍԱՐԿԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» եւ սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը կսպասարկի Հունաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմ: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Տասոս Սիդիրոպուլոսը, որին եզրերում կօգնեն Պոլիչրոնիս Կոստարասը եւ Լազարոս Դիմիտրիդասը: Չորրորդ պաշտոնյան է Իոանիս Պապադոպուլոսը: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Սերբիայի չեմպիոնին կընդունի հոկտեմբերի 1-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Խաղը կսկսվի ժամը 18:00-ին եւ կանցկացվի առանց հանդիսականների:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» եւ պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:

 

 

ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ

ՈւԵՖԱ-ն դեռ չի ծրագրում տեղափոխել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերն Ազգերի լիգայում. հաղորդում է «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ն՝ հղում անելով ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը: Միեւնույն ժամանակ, կազմակերպությունն ուշադիր հետեւում է Արցախում ընթացող ռազմական գործողություններին: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7-ին Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու Ալբանիայի հետ, իսկ 4 օր անց Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում ընդունելու է վրացիներին: Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտնել էր, որ այդ հանդիպումների անցկացման վայրի փոփոխության վերաբերյալ որեւէ խոսակցություն չկա այս պահին: «Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների անցկացման վայրին, ապա այս պահի դրությամբ այդ մասին դեռեւս որեւէ խոսակցություն չկա: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախատեսված էր»,- նշել էր Արմեն Մելիքբեկյանը:

 

 




Լրահոս