Հորդորում ենք քաղաքացուն` իր հայտարարություններում լինել զգոն և զերծ մնալ զրպարտությունից. Սամվել Բալասանյանի խոսնակը պատասխանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.amգրել էր, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել Գրիգոր Սարգսյանը՝ հայտնելով, որ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը 1997թ. փետրվարի 8-ին ՀՀ ԿԱ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանն առաջարկել է Մարքսի փողոցի թիվ 75 հասցեում գործող «Պոլոզ Մուկուչ» ճաշարանը, որը ձևակերպել է որպես Գյումրու «Շիրակ գարեջրի ածիկ» ԲԲԸ տարածք, 3 միլիոն դրամով կոլեկտիվին վաճառելու համար:

Կոլեկտիվ ժողովի 10 անդամները համաձայնվել և Սամվել Բալասանյանին ընտրել են որպես սեփականաշնորհման գործընթացում լիազորված անձ, սակայն կոլեկտիվի անդամներից ոչ մեկը տեղյակ չեն եղել, թե ժողովի և թե գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի մասին, կնքվել է կեղծ փաստաթղթեր, ինչի շնորհիվ Ս.Բալասանյանն ապօրինաբար ձեռք է բերել նշված տարածքը և նվիրել իր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին:

Խնդրի շուրջ պարզաբանում ստանալու համար ArmLur.am-ին չհաջողվեց կապ հաստատել Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ, փոխարենը կապ հաստատեցինք Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանի հետ: Վերջինս մեզ ասաց.

Ի պատասխան armlur.am լրատվականում հրապարակված նյութի. Հարկ ենք համարում նշել, որ սեփականաշնորհման գործընթացը տվյալ ժամանակահատվածում իրականացվել է կառավարության համապատասխան որոշմամբ: Կառույցը գնվել է աճուրդի կենտրոնից, առկա են համապատասխան բոլոր փաստաթղթերը: Կազմակերպվել է բաց աճուրդ, որին մասնակցել և կառույցը գնել կարող էր ցանկացած անձ: Դատախազությունում դիմում ներկայացրած անձը` Գ.Սարգսյանը, որևէ առնչություն չի ունեցել կառույցի սեփականաշնորհման գործընթացի հետ, ուստի բողոքող անձի իրավունքը խախտված չէ և չի էլ եղել:

Սեփականատերերը վստահեցնում են, որ վերանորոգումից հետո «Պոլոզ Մուկուչ»-ը այցելուների առաջ իր դռները կբացի 2022թվականի վերջին` պահպանելով Գյումրու թիվ մեկ գարեջրատան իր նախկին համբավը: Գ.Սարգսյանին հորդորում ենք` իր հայտարարություններում լինել զգոն և զերծ մնալ զրպարտությունից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ Գ.Սարգսյանի հայտարարությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի`սուտ մատնության հանցակազմի տարրեր, որը իրավապահ մարմինների կողմից ենթակա է քրեաիրավական գնահատականի:




Լրահոս