Համայնքային բյուջեից` 40 մլն դրամ` թեքահարթակների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում կառուցվող թեքահարթակների շինարարության ընթացքին հետևել է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը:

Հիշեցնենք, որ հատուկ կարիքներով քաղաքացիների համար մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն դրամ: Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով:

Ծրագիրը հավանության արժանացավ ինչպես երևանցիների, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից:

2014 թվականին, դարձյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, համայնքային բյուջեից հատկացվել է արդեն 40 մլն դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ:

Աշխատանքները մեկնարկել են շուրջ 1 շաբաթ առաջ և այժմ արդեն շուրջ 10 թեքահարթակ պատրաստ է շահագործման:

Ընտրության վայրերը նախապես քննարկվել և հավանության են արժանացել նաև ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից:

Գործընթացին այս անգամ ծանոթացել է նաև Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ով նույնպես բարձր գնահատականի է արժանացրել Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը` նշելով, որ իրականացվող ծրագիրը մեծապես կնպաստի իրենց շահառուների ազատ տեղաշարժին:

2014 թվականին քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում ավելի քան 350 թեքահարթակներ կկառուցվեն նաև մասնավոր ընկերությունների կողմից : Ընդ որում, բոլոր հատվածներում թեքահարթակները կառուցվում են քաղաքապետարանի տրամադրած առանձին նախագծերով:

Երևանի ավագանու որոշմամբ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 




Լրահոս