«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում կրկին երեխա է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին. վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին:
Նշենք, որ վերջին մեկ տարում այս նույն հիվանդանոցում մահվան արդեն երրորդ դեպքն է: Դեռևս 2014-ի մայիսի 29-ին նույն հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերության ընթացքում մահացել էր 1975 թ. ծնված Կարինե Պապանյանը: Երկու ամիս անց նույն հիվանդանոցում մահացել էր Շիրակի մարզի Արևիկ համայնքի բնակիչ 4-ամյա Սուրեն Պողիկյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցած տարի խոստացել էր մանրամասն ուսումնասիրել ծննդկան մոր և չորսամյա երեխայի մահվան հանգամանքները և հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Պատասխանատվության մասին, ինչպես գիտենք, մինչ օրս որևէ բան հայտնի չէ:
Armlur.am-ը կատարվածի շուրջ զրուցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի հետ` իմանալու համար` ինչը կարող է լինել կատարվածի իրական պատճառը: Հ. Հովհաննիսյանը վստահեցրեց, որ մահացած երեխայի ծնողների բողոքներն անտեղի են, քանի որ տեղի ունեցածի պատճառը փոքրիկի` կյանքի հետ անհամատեղելի վիճակն է եղել: Ավելին, բժշկի խոսքով, ծնողներն էլ իրենց մեղավորությունն ունեն.
«Այնպես է ստացվել, որ երեխայի վիճակն անհամատեղելի է եղել կյանքի հետ: Հո չսպանեցի՞ն այդ մարդուն: Էմեստեա է անցել, ուղեղի աջ կիսագնդում կիստով փոփոխություն ուներ, հիդրոցեֆալիա: Եվ այս բոլորի մասին ծնողները տեղյակ են եղել: Նա թերաճ երեխա էր, իր քաշից երկու-երեք կիլո պակաս:
Այդ երեխային երկու անգամ փրկել են, ծափահարել ենք, երրորդ անգամ չի ստացվել փրկել: Նրան հիվանդանոց են բերել շատ վատ վիճակում: Գիտե՞ք` ծնողներն ինչու են բժշկի հետ կոնֆլիկտի մեջ ընկել, որովհետև բժիշկներն ասել են, որ երեխայի ծալքերի մեջ կղանք էր, իսկ պորտից վերև շփաբորբի մեջ էր (խմբ. «շփաբորբը» մաշկի ոչ վարակային ախտահարումներից է. սովորաբար առաջանում է երեխայի վատ խնամքի հետևանքով՝ մաշկի վրա մեզի և կղանքի թողած ազդեցությունից): Ո՞վ կընդունի այդպիսի վիճակ: Չէ՞ որ այդ երեխան իրավունք ուներ մաքուր ապրելու: Հիմա մենք դատական հա՞յց ներկայացնենք մոր դեմ: Չենք ուզում, քանի որ այդ կինը 7 երեխա է լույս աշխարհ բերել»:
Բժիշկը նշեց, որ եթե ծնողները բողոք ունեն, պետք է իրավապահ մարմիններին դիմեն, ոչ թե «հեռուստաշոուներ և թերթաշոուներ սարքեն»: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, փոքրիկ Նարեն երբևէ անտարբերության չի մատնվել, քանի որ չի կարող Վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդուն բժիշկն ուշադրություն չդարձնել:
«Ծնողն ասում է` բժիշկն անգամ չցանկացավ ինձ հետ հանդիպել: Բայց բժիշկը նրան տեսել է ու ասել` ամոթ է` երեխային մաքուր պահեք: Եթե անգամ երեխան ուրիշ հիվանդություն չունենար, շփաբորբից կարող էր մահանալ: Այդպես չի կարելի երեխա պահել: Նրանք հո խոզի ձագեր չե՞ն, մարդիկ են չէ՞ ի վերջո: Բողոքում են, թող դատախազություն բողոքեն, հիմա քիչ չեն պատիժ կրող բժիշկները: Ես 40 տարվա բժիշկ եմ ու հիմա, անգամ, չեմ ուզում աշխատել, երբ տեսնում եմ` ինչ շահարկումներ են արվում:
Այո´, պտղաջրերից անցած տարի կին է մահացել: Ամերիկայում էլ չեն փրկում պտղաջրերի մահից, իսկ դուք ուզում եք, որ Գյումրիի հիվանդանոցում փրկե՞ն: Ամբողջ աշխարհում գրանցված է մանկական մահացության 7 %: Դուք ուզում եք, որ այդ տոկոսը ՀՀ-ում կամ Գյումրիում 0 տոկո՞ս լինի: Ես գիտեմ, որ պարապուրդից է, բոլորը կենտրոնացած են ոչ տեղին խնդիրների շուրջ: Նախարարն ասել է` մեղավորները պետք է պատժվեն, բայց եթե մեղավոր չկա, ո՞վ պետք է պատժվի: Դուք անընդհատ քավության նոխազ եք փնտրում»,- վրդովված ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր մահացած 6-ամսյա Նարե Դավթյանի հոր՝ Արմեն Դավթյանի հետ, ով պատմել է, որ առաջին անգամ երեխայի ինքնազգացողությունը վատացել է 2014թ դեկտեմբերին: «Շուտ հասցրել էինք հիվանդանոց, և այնտեղ մեզ ասացին, թե իբր լավ չեք խնամել երեխային, կեղտոտություն է եղել, երեխեք շատ եք ունեցել ու այսպիսի բաներ: Իսկ, ահա, վերջնական եզրակացությունը տվեցին, որ աղիքային վարակ է եղել: Երկրորդ անգամ երեխայի վիճակը վատացավ հունվար ամսին, էլի տարանք, էլի դուրս գրվեց, ամեն ինչ նորմալ էր, և, ահա, երրորդ անգամ` 2015թ մարտի 14-ին՝ առավոտյան ժամ 9:00 կողմերը, երեխան վատացավ, շտապ հասցրեցի հիվանդանոց, ընդունող բժշկուհուն ընդհանրապես չտեսա: Խոսքը Մարգարիտա Հարությունյանի մասին է: Երեխայի վիճակի հետ կապված զրուցել եմ մեկ այլ բժշկի՝ Արտուշ Սանոսյանի հետ: Նա էլ ասել էր, թե առավոտվա համեմատ երեխայի վիճակը լավ է, ու վտանգավոր բան չկա, ցնցումների մեջ է եղել, հետո վիճակը կարգավորել են»:
Նկատենք, որ այս դեպքից հետո զարմանալի զուգադիպությամբ, թե միտումնավոր 6 ամսական Նարեին ընդունած բժիշկ Մարգարիտա Հարությունյանը արձակուրդի է մեկնել: Իսկ Մարգարիտա Հարությունյանը «Ժողովուրդին» վստահեցրել է, թե իր արձակուրդը դեպքի հետ որևէ կապ չունի:
Տաթև Հարությունյան