Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակին ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանից զորակոչված զինվորների ծնողների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ուղեկցությամբ այցելեց Արցախ:
Արցախի մայրաքաղաքում ծնողների և զինվոր-որդիների սրտառուչ հանդիպմանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ դեռևս 2003 թվականին Կենտրոնի բնակիչների համար առաջին անգամ կազմակերպվեց նման մի հանդիպում հայրենիքի պաշտպանների հետ: Այն դարձավ ավանդույթ և արդեն շարունակվում է 12 տարի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հայրենիքի պաշտպաններին նվիրված այս միջոցառումը մեծ ու կարևոր նշանակություն ունի թե՛ ծնողների, թե՛ զինվորների համար:
«Ողջունում եմ բոլորիդ, ուզում եմ հատուկ ողջունել այս նախաձեռնությունը։ Միջոցառումը հայրենիքի պաշտպաններին է նվիրված, և շատ ուրախ եմ, որ ի դեմս Գագիկ Բեգլարյանի մենք ունենք մի հայրենակից, մի ազգակից, ով անկախ իր ծառայողական և քաղաքացիական պարտականություններից՝ կարևորել և այսօր էլ կարևորում է մեր հայրենիքի պաշտպանությունը, մեր հայրենիքի պաշտպաններին:
Առիթ ունեցել եմ բազմաթիվ անգամներ տարբեր գնահատականներ տալու մեր հայրենիքի պաշտպաններին, ուզում եմ ի պատիվ այսօր այցելած ծնողների, մեր քույրերի, մեր մայրերի ասել, որ նրանք ապրում են հպարտություն, որ դաստիարակել են զավակներ, ովքեր ոչ թե խուսափում են ծառայությունից, այլ գնում են բանակ, առանց սպասելու զորակոչվելուն: Սա յուրահատուկ երևույթ է, հարգանքի արժանի երևույթ: Ավելի մեծ տիտղոս, ավելի մեծ կոչում, քան հայրենիքի պաշտպանն է, չկա և չի էլ կարող լինել»,- ասաց Բակո Սահակյանը:
Զինվորների և ծնողների համար կազմակերպված երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Երևանից ժամանած երգիչ-երգչուհիները:
Հաջորդ առավոտյան՝ սեպտեմբերին 20-ին, ծնողները եղան Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում, որտեղ զորամասի հրամանատարական կազմի ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հայկական բանակի Սպարապետի կիսանդրու մոտ:
Զորամասի շարահրապարակում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ զորքի կատարմամբ, որին հաջորդեցին զինվորների ծնողներին ուղղված շնորհակալական խոսքեր:
«Ուզում եմ իմ շնորհակալութունը հայտնել բոլոր ծնողներին, որ նման քաջ որդիներ են դաստիարակել, ովքեր այսօր անառիկ են պահում մեր սահմանները: Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում ամբողջ հրամանատարական անձնակազմին՝ հրամանատարի գլխավորությամբ, նման մոտեցման և վերաբերմունքի համար: Մենք շատ ենք կարևորում բանակ-հասարակություն կապը, և լինելու ենք ձեր կողքին շարունակական»,- վստահեցրեց Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի կողմից զորամասին հանձնվեցին հեռուստացույցներ, արբանյակային ալեհավաքներ, մարզագույք և այլ արժեքավոր նվերներ:
Հանդիսավոր մասի ավարտից հետո ծնողները ևս մի քանի ժամ հնարավորություն ունեցան շփվելու որդիների հետ: Նրանք հուզված էին ու նաև հպարտ՝ իրենց որդիներին արդեն տղամարդ դարձած տեսնելու համար:
«Տղամարդ է դարձել իմ տղեն, ու տենց էլ շարունակելու է: Վստահ եմ, որ բոլորս հանգիստ գլուխներս կդնենք բարձին, քանի որ սենց հերոսներ ունենք»,- նշեց Արցախ այցելած ծնողներից Հովսեփ Հարությունյանը:
Փառանձեմ Իսահակյանի երրորդ որդին է արդեն ծառայում բանակում. «Հպարտ եմ, որ տղաներս ծառայել են, ծառայում են ու բոլորին խորհուրդ կտամ, որ եթե տղա են ուրեմն պետք է ծառայեն: Իրենց շնորհիվ ենք մենք ապրում, քնում, արթնանում»:
Լևոն Հովհաննիսյանը դժվարությամբ էր կարողանում զսպել հուզմունքը, որ միախառնվել էր հպարտության զգացումին. «Խոսքեր չեմ գտնում իմ հպարտությունը արտահայտելու համար. ունենք այսպիսի բանակ, այսպիսի զինվորներ և ունենք այսպիսի մարդիկ, ովքեր կարողանում են կազմակերպել մեր հանդիպումը մեր որդիների հետ, շատ շնորհակալ ենք էս պահի համար, զգացված ենք շատ»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խոսքով նման նախաձեռնության գաղափարը բանակի նկատմամբ հավատի ու վստահության ամրապնդումն է, հայրենիքի պաշտպանության գործի կարևորության ընդգծումը.
«Այս միտքը դեռ մեզ մոտ ծագել է 2003 թվականից, որպեսզի ծնողները գան, տեղում տեսնեն ու համոզվեն, որ Ղարաբաղում ամեն ինչ շատ լավ է ծառայության առումով, և երեխաները ծառայում են շատ մաքուր, լավ, գեղեցիկ զորամասերում:
Ինձ թվում է, որ այս միջոցառումը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր տղաներին, որ նորից իրենց ծնողներին երդում տան և խոստանան, որ կլինեն ուժեղ, կծառայեն մեր բանակում և առողջ կվերադառնան տուն»,- իր խոսքում նշեց նախարարը:
Որդուն ևս մեկ անգամ ամուր գրկելուց հետո և ճանապարհվելուց առաջ ծնողը հիշեցնում է գլխավորի մասին. իր աչքը որդու գալու ճամփին է, դուռն էլ՝ միշտ բաց. տանը քեզ սպասում են զինվոր:
Մանրամասներ՝ տեսանյութում