Արցախ են բերվել ավտոմեքենաների հերթական նվիրատվությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության մի խումբ ջավախահայերը և Սվերդլովսկ քաղաքից Կարեն Բաղրյանը ԼՂՀ պաշտպանության բանակին են նվիրաբերել «ՈւԱԶ» մակնիշի 3 շտապօգնության ավտոմեքենա:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վիրահայերի միասնություն» հայրենասիրական կազմակերպության միության համանախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ծննդով ջավախքցի Տաճատ Վարդապետյանը մաղթել է, որ իրենց կողմից նվիրաբերված «ՈւԱԶ» մակնիշի 2 շտապօգնության ավտոմեքենաները երբեք չօգտագործվեն վիրավոր զինվորներ տեղափոխելու համար:

«Ապրիլի 5-ին կոչով դիմել եմ ջավախցիներին, որ աջակցեն պատերազմող Արցախին: Չանցած մի քանի ժամ, համախմբվեցին բոլորը: Մեր կողմից օգնությունն ու աջակցությունը շարունակական են լինելու. չէ՞ որ Ջավախքն էլ համայն հայության մի բեկորն է: Մեր համախմբումից, մեր միասնականությունից ավելի է սարսում թշնամին»,-ասել է Տ. Վարդապետյանը:

Իսկ Սվերդլովսկ քաղաքից Կարեն Բաղրյանը, ով լսելով Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների մասին, որոշել է իր անձնական ներդրումը բերել Արցախին. նա ԼՂՀ ՊԲ-ին է նվիրաբերել «ՈւԱԶ» մակնիշի 1 շտապօգնության ավտոմեքենա:

«Ես ևս փորձել եմ իմ օժանդակությունը բերել հերոսական Արցախին: Ցանկանում եմ, որ Արցախում լինի խաղաղություն: Ցավում ենք մեր բոլոր հերոս նահատակների համար, բայց և հպարտ ենք, որ ունենք հայրենիքի այսպիսի նվիրյալներ»,- նշել է Կ. Բաղրյանը:




Լրահոս