2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետևանքով մարմնի ձախ կողմը թուլացել է: Վերջինիս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր:
Նշենք, որ Հայկն առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 91 հազար հաշմանդամության կրթաթոշակ, որը տրամադրել են երկու տարով (կախված է վերականգնման արագությունից):
ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Թորոսյանը պատմեց, որ ծառայել է Մարտակերտի շրջանում: Վիրավորվել է արկից, որի հետևանքով ստացել է բեկորային գանգուղեղի թափանցող կոտրվածք:
«Վիրավորվել եմ ուռալում՝ թաքստոցի մեջ, մենակ էի: Շատ բան չեմ հիշում, բայց գիտեմ, որ ինձ տարել են Մարտակերտ, Ստեփանակերտ, հետո ինքնաթիռով բերել են Մուրացանի հոսպիտալ»,- ասաց նա:
Վերջինս Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում անմիջապես ենթարկվում է գլխուղեղի վիրահատության: Մեկ ամիս ստացիոնար բուժում է ստանում այնտեղ, ապա տեղափոխվում է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն:
Թորոսյանների ընտանիքն այս պահին ֆինանսական աջակցության կարիք ունի: Ընտանիքից միայն հայրն է աշխատում. «Մայրս հիմա չի աշխատում, քանի որ ինձ խնամք և օգնություն է հարկավոր, առանց դրա չեմ կարող»:
Լիդա Եղիազարյան